«Պատրաստ ենք Ադրբեջանի ավելի հեռու տարածքում ավարտել պատերազմը» (տեսանյութ)
Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Օրվա խորհրդով՝ ԵԿՄ անդամներն այսօր այցելեցին Եռաբլուր, որտեղ ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիի եւ Երկրապահի խաչքարի մոտ: Կոտայքի փոխմարզետ, ԵԿՄ վարչության անդամ Համլետ Հայրապետյանի խոսքով՝ Երկրապահի օրը տոն է ոչ միայն կամավորականների, այլեւ զինվորների համար: Նա նոր է վերադարձել առաջնագծից եւ վստահեցնում է՝ տղաների տրամադրությունը մարտական է. «Հայոց զինվորն ավելի ուժեղ է մեզ հետ, երբ դիրքերում կանգնած է փորձառու, հաղթանակած տղաների հետ: Իհարկե, զգոնությունը հիմա ավելի բարձր է, քան երբեւէ: Ամեն վայրկյան մենք եւ մեր զինվորները պատրաստ ենք արժանի հակահարված տալ եւ նոր հաջողություններ գրանցել՝ Ադրբեջանի ավելի հեռու տարածքում ավարտել պատերազմը, նրանց ստիպել կամ կապիտուլացիա, կամ հրադադարի պայմանագիր, որից հետո միայն նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց նա: Ազատամարտիկ Նորիկ Գեւորգյանը սահմանային լարվածության օրերին իր ընկերների հետ եւս առաջնագծում էր: Ասում է՝ մեր զինվորներն այնքան պատրաստված էին, որ կարիք չկար նրանց որեւէ բան սովորեցնելու կամ օգնելու: Նրա խոսքով՝ Արցախյան ազատամարտի եւ քառօրյա պատերազմի միջեւ մեծ տարբերություն կա. «Հիմա գնում է զենքի, տեխնիկայի պատերազմ, իսկ առաջ մեր տղաները կռվել են որսորդական հրացաններով, նրանով, ինչ ընկել է ձեռքները: Այս քառօրյա պատերազմում ամենակարեւորը տղաների մարտական ոգին է»: