Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատերազմը չէր սկսվի, եթե ՀՀ տնտեսությունը չլիներ կոռումպացված» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram1

«Արցախի ճանաչման հարցն այն եզակի քաղաքական քայլերից էր, որ ինքն իրեն արդարացրել է»: Այսօր՝ Երկրապահի օրը, Եռաբլուրում, պատասխանելով «Ա1+»-ի թղթակցի հարցին, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր քննադատում են Արցախի ճանաչումը, դիտավորյալ չեն ցանկանում տեսնել նախապայմանը, որն է՝ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների վերսկսումը. «Եթե դու ուզում ես աշխարհի ուշադրությունը հրավիրել պատերազմական իրավիճակին, ու աշխարհը գրեթե լռում է, դու անում ես քայլ, որի արդյունքում աշխարհը ստիպված ինքն է դիմում քեզ: Արցախի ճանաչման հայտարարությունից հետո Ադրբեջանի ամբողջ քաղաքական էլիտան սկսեց մտածել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մասին ու բանը հասավ նրան, որ դիմեցին ՌԴ իշխանություններին»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Արցախի ճանաչմանը դրական է վերաբերվում՝ անկախ իշխանությունների հանդեպ ունեցած վերաբերմունքից: Անդրադառնալով Արցախի ճանաչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանն ու դրա վերաբերյալ կառավարության եզրակացությանը, Արամ Սարգսյանը նշեց, թե կառավարությունն այդ քայլին է գնացել ռուսական կողմի ճնշումների արդյունքում. «Ռուսաստանն աշխատում է ցանկապատի երկու կողմից: Ակնհայտ է, որ պատերազմը չէր սկսվի, եթե խախտված չլիներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական բալանսը եւ եթե Հայաստանի տնտեսությունը չգտնվեր այսպիսի անհեթեթ, կոռումպացված վիճակում»: Ստեղծված իրավիճակի համար Արամ Սարգսյանը մեղադրում է եւ’ Ռուսաստանի եւ’ Հայաստանի իշխանություններին: «Ռուսներն են մեղավոր, որոնք մեր գործընկերն են, բայց զինում են հակառակորդին, իսկ մեզ վարկով տրված զենքն անգամ ուշացնում են: Եվ, իհարկե, հիմնական մեղավորը այսօրվա գործող իշխանություններն են: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2011 թվականից հետո ինքը հասկացել է, որ նման իրավիճակներ կլինեն եւ բարձրաձայնել է այդ մասին: « Բարձրաձայնել ես կարող եմ կամ քաղաքական ցանկացած գործիչ, ինքը պետք է հետեւություններ աներ, իսկ եթե իր հետեւությունները Եվրասիական տնտեսական միություն մտնելը կամ այդ անհեթեթ «այո» կամ «ոչ»-ն է... Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք գոնե հասկացա՞ն, որ այդ սահմանադրական փոփոխությունը անհեթեթություն էր, որ Հայաստանը նման իրավիճակներում կարող է նորից հայտնվել ու խորհրդարանական կառավարման ձեւը նման իրավիճակներում հակացուցված է»,-նշեց նա: «Հանրապետություն» կուսակցության նախագահը  կարծում է, որ Հայաստանը 1,5 ամիս ժամանակ ունի, քանի դեռ Ադրբեջանը նորից չի դրսեւորել իր ագրեսիան. «Պատերազմն ավարտված չէ: Քանի դեռ Ադրբեջանում «Ֆորմուլա 1»-ի մրցարշարն է, չեմ կարծում, թե որոշակի գործողություններ ձեռնարկեն: Այդ ժամանակն ամբողջությամբ օգտագործել է պետք՝ Հայաստանի տնետեսությունն ու կառավարությունը ազատել պորտաբույծներից,  լուծել ռազմաարդյունաբերական բազայի խնդիրը եւ շատ լուրջ զբաղվել դիրքերում զինվորի անվտանգությամբ»,-եզրափակեց նա: