Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ. Հայրիկ Մուրադյան (տեսանյութ)

Մշակույթ
hayrik

«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե ուրախության, թե տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում` լուսավոր միտք… Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Մեր երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»,- ասում էր մեր հայ երգի Հայրիկը: Երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 111-ամյակին նվիրված երեկոն և «Մոկաց սարեր» ձայնասկավառակի շնորհանդեսի միջոցառումը նախաձեռնել էր նրա թոռան` թավջութակահար Լևոն Մուրադյանի կինը`մասնագիտությամբ ջութակահար Նարինե Դելլալյանը, ով նաև «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահն է: Խրիմյան Հայրիկի պատվին իր անունը ստացած, հայրենի երգն ու բանահյուսությունը Վանի դպրոցում սովորած, ցեղասպանություն վերապրած Հայրիկ Մուրադյանի կատարումները առաջին անգամ եթերում հնչեցին 1965-ին, ազգային զարթոնքի տարիներին: Մասնագիտությամբ պատմաբան Հայրիկ Մուրադյանը հավաքագրեց և մոռացությունից փրկեց անթիվ ժողովրդական երգեր: Իսկ նրա արտահայտիչ ձայնն ու կատարողական ոճ գերում էր լսողին: Նա «Ակունք» ազգագրական համույթի  հիմնադիրն էր, ոգեշնչողն ու խորհրդատուն էր, որը հետագայում գլխավորեց նրա դուստրը ՝ Մարո Մուրադյանը: «…Մեր սերունդը տեսել է Էրգրի մարդկանց, կցանկանամ, որ նոր սերունդն  էլ պահպանի այդ մարդկանց բացառիկ տեսակի մասին հիշողությունը», - ասաց երեկոյին մասնակից «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար,կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: