«Այդ գեներալների ուսադիրները ցուցադրական կպոկեի» (տեսանյութ)
Չհայտարարված պատերազմի իրավիճակում քաղաքական ու հասարակական ուժերի համախմբումը անհրաժեշտ է։ Բայց միասնականությունը պետք է պատճառ չդառնա սխալների ու բացերի քողարկման կամ անտեսման։ «Մենք համախումբ ուժերով պետք է պարզենք, թե ովքեր են այսօրվա վիճակի պատասխանատուները, համախումբ ուժերով պիտի պարզենք, թե ինչու ստեղծվեց այս իրավիճակը, ո՞րն է մեր մեղքը»,- ասում է Ստեփանակերտի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։ «Պատերազմ և ընտրություններ. Ժողովրդավարացման հեռանկարները Հայաստանում» խորագրով ֆորումին մասնակցող Գեղամ Բաղդասարյանին զարմացնում են գումար հավաքելու ու Արցախ ուղարկելու կոչերը։ «Մենք ուրիշ բանի կարիք չունե՞նք փողից բացի, ասենք թե խելքի, գիտելիքի, փորձի, մասնագետների, կապերի, այն, ինչով հայությունը անասելի հարուստ է։ Թե՞ մեզ պետք է Տարոն Աճեմօղլուից 100 դոլար խնդրենք, թե՞ մեր կյանքում կիրառենք Աճեմօղլուի տեսությունը՝ ինստիտուտների զարգացման մասին»։ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վստահ է՝ ապրիլյան պատերազմից հետո խաղի կանոնները պետք է փոխվեն. «Ճիշտ չեմ համարում այն գեներալների ակտիվ գործընթացը, որոնք Հայաստանում տնտեսական մենաշնորհների մեջ են, բիզնեսներ են գողանում, ու իշխանությունը հանդուրժում է, ես որ լինեի այդ գեներալների ուսադիրը ցուցադրական կպոկեի»։ Ակտիվ ռազմական գործողություններից հետո հասարակական քննարկումների թոփ թեման կոռուպցիայի դեմ պայքարն է։ Առաջընթացն այստեղ հնարավոր է միայն ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու պարագայում։ Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշում է. «Եթե իշխանությունը ընտրված չի, ապա հավանականությունը շատ մեծ է, որ մնացած ոլորտներում կոռուպցիան մեծ կլինի, իսկ եթե իշխանությունը ընտրված է, հավանականությունը շատ է մեծանում, որ մնացած ոլորտներում կոռուպցիան իջնելու է»։ Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը հավելում է. «Շատ ցանկալի է, որ իշխանությունը հասկանա, որ սա գուցե եզակի հնարավորություն է ինչ-որ տեղ ռեստարտ տալ, ինչ-որ տեղ զրոյից սկսելու, ցավոք սրտի՝ ես չեմ տեսնում նշաններ»։ Ժողովրդավարության ազգային պլատֆորմի կազմակերպած Ֆորումի բանախոսները հավատացած են՝ Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին առանցքային են լինելու 2017-ի խորհրդարանական ընտրությունները։