Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զինտեխնիկան կարտոլ չի, տուշոնկա չի». Կարեն Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Karen-Vardanyan-nkarrrr

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր խորհրդակցության է մասնակցելու Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ։ «Քննարկվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը ռազմարդյունաբերության մեջ։ Եվ պետք է կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր լինեն»,-նշեց նա։ ՏՏ ոլորտի մասնագետն ասում է՝ մենք չգիտենք՝ մեր նպատակը ո՞րն է. հաղթե՞լ, նահանջե՞լ, պարտվե՞լ։ «ԼՂՀ նախագահի խոսքը լսեցի, որ չենք հանձնելու տարածքները։ Դա հասկացանք, բայց հստակ հաղթելու նպատակ մենք չունենք։ Երբ հաղթելու նպատակ չունես, ի վերջո դա փոխարինվում է ողջ մնալու նպատակով։ Հիմա մենք այդ վիճակում ենք»,-շեշտեց Կարեն Վարդանյանը։ Բացի իր միությունից, մոտ 50 ընկերություն միացել է պարոն Վարդանյանի նախաձեռնությանը՝ ստեղծելու ռազմատեխնիկա բանակի համար։ «Հասարակական կառույց ենք ձևավորել՝ «Ռազմական տեխնոլոգիաների հետազոտությունների ինստիտուտ» պայմանական անվամբ։ Նախատեսում ենք աշխատել ԱԹՍ-ների չեզոքացման, հարձակողական զենքերի մշակման, գաղտնազերծված կապի և այլ խնդիրների շրջանակում։ Այսօր պետք է նաև հարվածային զինատեսակներ մշակել։ Մենք այս ամենի համար սպասում ենք համապատասխան հրամանի»։ ՏՏ ոլորտի մասնագետը ցավով նշում է, որ ռազմական ոլորտի որոշ ներկայացուցիչներ լավ չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում զինտեխնիկայի ստեղծում և ուզում են դա միանգամից տեսնել։ «Դա կարտոլ չի, տուշոնկա չի։ Գիտահետազոտական աշխատանքը լուրջ գործընթաց է և չենք կարող միանգամից զենքը ստեղծել և տանել ցույց տալ»։ Խոսելով Պաշտպանության նախարարության բարձրաստիճան երկու պաշտոնյաների պաշտոնանկությունից, պարոն Վարդանյանն ասաց. «Պրոցես է սկսվել, պետք է սպասենք, տեսնենք՝ շարունակվում է, թե ոչ։ Դրական գործընթաց է, պետք է ողջունել դա անպայման։ Այստեղ կարևոր է հասարակության շարունակական հետաքրքրությունը խնդրի վերաբերյալ։ Այդ, որ ասում ենք՝ ռազմարդյունաբերություն, չարաշահումներ, գողություններ և այլն, դա մեր հարկերից է գնացել։ Ու եթե մենք այդ գումարի ետևից չենք գնում, համապատասխան փոփոխություններ չեն լինում»։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն իր հերթին նշեց, որ մինչև այժմ երբեք չի բարձրաձայնվել այս կարևոր խնդրի մասին, որ ունենք զինատեսակների համալրման  կարիք։ «Հիմա մենք համակարգային ճգնաժամի հետ գործ ունենք։ Ռազմարդյունաբերական լուրջ խնդիրներ կան և դա զարմանալի է չհայտարարված պատերազմի մեջ գտնվող երկրի համար։ Պետք է շտապել՝ այս և այլ խնդիրներ լուծելու հարցում»,-ասաց նա։