«Վեր ընկեք ձեր տեղը».Ն. Զոհրաբյանը՝ որոշ ընդդիմադիրների (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ 4+4+4 ձեւաչափից կեսից ուղղակի թողել, դուրս եմ եկել, քանի որ, ըստ նրա, անպտուղ քննարկումներ էին գնում: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մինչ իր ելույթում կխոսեր ԸՕ նախագծի մասին, անդրադարձավ արդեն հնչած մի քանի ելույթների՝ ասելով. «Բացարձակ անբարոյական է այստեղ առաջնագծում զոհված զինվորների անունը շահարկել: Որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի իր ճղճիմ քաղաքական բոնուսները հավաքելու համար զոհված զինվորների արյունը շահարկել՝ դարձնելով քաղաքական շահարկման առարկա: Նրանց ծնողները մեզնից որեւէ մեկին իրավունք չեն տվել այստեղ իրենց քաղաքական դիվիդենտները հավաքելու համար շահարկել զոհվածների անունը»: Այնուհետեւ, պտտվելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ նա հայտարարեց. «Վեր ընկեք ձեր տեղը, եւ ձեր խնդիրները փորձեք լուծել բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակում: Սա անբարոյական է»: Տիկին Զոհրաբյանը նաեւ նկատեց՝ ԸՕ-ն քննարկման փոխարեն, 3 օր է՝ ինչ-որ ընդդիմադիր ուժեր վիճարկում են, թե ով է իրական ընդդիմությունը. «Մեկը հերոսական առկախումներով, մեկը ինչ-որ ընդդիմադիր մուրաբաների, ընդդիմադիր պրոտեզների մասին ճառեր ասելով: Կաստինգ է սկսվել, դեֆիլ է սկսվել, ժողովուրդ ջան, ես եմ իրական ընդդիմադիրը, ես եմ ուզուրպացրել ընդդիմության տիտղոսը: Հանգիստ եղեք, ժողովուրդը, մեզնից ու ձեզնից ավելի լավ բոլորի արժեքը շատ լավ գիտի, ու շատ լավ գիտի շատերի, կներեք, բազարի գինը ընդդիմադիր դաշտում գործելու: Այնպես որ, մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել ու վիճարկել, թե ով է իրական ընդդիմադիրը: Էն կառոնա ռոսիյսկոյ իմպերիի պես՝ բերեք թագը իմ գլխին դրեք՝ որպես իրական ընդդիմադիր: Ժողովուրդը շատ լավ գիտի բոլորիդ կարմիր գիծը՝ բանակցված, խաղի կանոններով պայմանավորված»: