Ադրբեջանը սպառնում է ֆրանսիացի պատգամավորին
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակն իր աջակցությունն է հայտնում Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեին, ով Ադրբեջանի կողմից բացահայտ սպառնալիքների է ենթարկվել։ Շրջանակի համար շարունակում է անհասկանալի մնալ այն, թե ինչու են Բաքվի կողմից բացահայտ կերպով իրականացվող սպառնալիքներն անարձագանք մնում ազգային իշխանությունների կողմից։ «Չպետք է գայթակղվել։ Օրինականության քողի տակ Բաքուն նպատակ է հետապնդում Ադրբեջանում արդեն իսկ հաստատված ահաբեկչական ռեժիմի պես մեր երկրում ևս հաստատել սպառնալիքի ռեժիմ և սպառնալիքների ենթարկել այն անձանց, որոնց հանդեպ դժգոհություն ունի», ասել է Ֆարնսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։ Բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ ս․ թ․ ապրիլի 22-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության պահանջով շրջանակի անդամ, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեին նախազգուշական փաստաթուղթ է ներկայացվել, որով արգելվում է Ֆրանսիացի պատգամավորներին այցելել Լեռնային Ղարաբաղ և պահանջվում չեղյալ համարել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև հաստատված համագործակցության խարտիան: «Այս դեպքը առաջինը և միակը չէ, սակայն այն ավելի լուրջ է, քան նախորդները։ Մի քանի օր առաջ Գերմանիայում կատակերգակի նկատմամբ իրականացվել է հետապնդումներ, այն պատճառով, որ ծաղրել էր թուրք նախագահին։ Հիմա էլ ֆրանսիացի պատգամավորն է Ադրբեջանի կողմից ենթարկվել սպառնալիքի, այն քաղաքականության համար, որը պաշտպանում է։ Մինչև երբ պետք է հանդուրժենք, որ հանցագործ բռնակալները ոտքերը սրբեն մեր եվրոպական ժողովրդավարության վրա», հայտարարել է Ֆրանսուա Ռոշբլուանը։ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը նշում է, որ նախատեսում է կապ հաստատել այս հարցի շուրջ շահագրգիռ նախարարների հետ, որպեսզի պատշաճ պատասխան ստանա կոպիտ միջամտության համար՝ մի ռեժիմի կողմից, որն ամբողջ աշխարհում միաձայն ճանաչվել է որպես ամենաճնշողներից մեկը։ ԼՂՀ ԱԳՆ