Արփինե Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի մասին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի պաշտոնանկությանը: Նախարարը նշեց, որ ցանկացած մարդ կարող է հրաժարականի դիմում ներկայացնել եւ ներկայացնել իր պատճառաբանությունները. «Ես՝ որպես նախարար, ցանկացած մարդ, ով ներկայացնում է հրաժարական և փաստարկում է դա այս կամ այն կերպ, դա ընդունում եմ և դրան վերաբերում եմ որպես փաստի»: Ինչ վերաբերում է կոնկրետ հրապարակումներին, որոնք եղել են Միհրան Պողոսյանի անվան հետ, տիկին Հովհաննիսյանը վստահեցրեց, որ արդեն քննություն է կատարվում: Հարցին, թե գո՞հ էր արդյոք նա Միհրան Պողոսյանի աշխատանքից, նախարարը պատասխանեց. «ԴԱՀԿ պետի աշխատանքն ամբողջ աշխարհում շատ տհաճ գործառույթի հետ է առնչվում: Պետական հարկադրանքի կիրառման պայմաններում, երբ արգելանք է դրվում մարդկանց ունեցվածքի վրա, հատկապես Հայաստանում, հաշվի առնելով երկրի սոցիալական վիճակը, չի կարող ԴԱՀԿ աշխատանքը գոհունակություն առաջացնել: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա ցանկացած աշխատանքում կարող են լինել թերություններ: Եվ այդ թերությունների հետ կապված ես իմ իրավասությունների շրջանակներում համապատասխան գործողություններ իրականացրել եմ կոնկրետ երևույթների հետ կապված, երբ ստացել եմ դիմումներ ու բողոքներ: Ծառայությունը հիմնականում գործել է իր լիազորությունների շրջանակներում»,- ասաց նա: Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Միհրան Պողոսյանի եւ իր հարաբերությունները լարված են եղել, ինչը ևս հրաժարականի պատճառ է դարձել. հարցին նախարարը պատասխանեց. «Եվս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, թեեւ դուք սովորություն ունեք, կամ գուցե ձեր գործն է այդպես, անկախ նրանից, թե ինչ է ասում պաշտոնատար անձը, դուք վերլուծում եք կամ գրում եք այն, ինչ դուք եք մտածում, ես ուզում եմ ասել՝ որեւէ լարվածություն չի եղել, հարաբերությունները եղել են շատ նորմալ, գործընկերային»: