ԱԺ-ում միմյանց դավաճան անվանեցին (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյաննի ելույթը լուրջ վիճաբանության վերածվեց: Նա հայտարարեց, որ ոչ թե հրաժարական պիտի տային ՊՆ փոխնախարարները, այլ Սերժ Սարգսյանը, որի ապաշնորհ քաղաքականության արդյունքում չենք կարողացել զսպել ադրբեջանական ագրեսիան. «Եթե չունես օրինական ղեկավարություն, ապա չես կարող ոչ ռազմական գործողություններ իրականացնել, ոչ էլ դիվանագիտություն: Ես միակն էի, որ դեմ քվեարկեցի ռուսական վարկին. մինչ օրս ոչ վարկն է տրամադրվել, ոչ էլ սպառազինությունը: Հիշեք՝ միշտ կա այլընտրանք: Հիմա մենք պետք է ճանաչեինք Արցախի անկախությունը: Սակայն դա բացակայում է, քանի որ Սերժ Սարգսյանը նշանակված է ու չի կարողանում իրականացնել ինքնուրույն քաղաքականություն: Ինչո՞ւ ենք բաժանում տասներեք ընտրատարածքի, որպեսզի Սերժ Սարգսյանին ավելի արագ հաջողվի վաճառել ՀՀ եւ ԼՂՀ անկախությունը, անվտանգությունը, որ պահպանի իր իշխանությունը: Սա է ամբողջ տրամաբանությունը ԸՕ-ի»: Այս ընթացքում դահլիճից ՀՀԿ կին պատգամավորները, մասնավորապես Ռուզաննա Մուրադյանը սկսեց ռեպլիկներ ու դիտողություններ անել Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ: Տիկին Փոստանջյանը շարունակեց՝ ասելով. «Որո՞նք են մեր գործողությունները՝ արտահերթ միջոցառումներ, որ մեր որոշումները հայ ժողովրդի շահերից բխեն: Սերժ Սարգսյանը գնացել էր Ստեփանակերտ, որտեղ նրա դեմը դուռը շրխկացրել են ու ասել, որ որեւէ հողակտոր չեն պատրաստվում հանձնել, ու դա շարունակվում է շատերի շուրթերով հնչել: Որեւիցե մեկը ՀՀ-ում իրավունք չունի հայ ժողովրդի անունից բանակցել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված ու պատրաստ լինի ինչ-որ բան հանձնել կամ զիջել»: Նրա ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց նրան խոսել բացառապես նախագծից. «Տիկին Փոստանջյան, դուք այստեղ արտոնյալ չեք: Այս օրերի ընթացքում ապրիլյան պատերազմի ընթացքում մեր զինված ուժերի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հասել են հաջողության ու կանխել ադրբեջանական ագրեսիան: Մեզնի՞ց եք, տիկին Փոստանջյան, պաշտպանում Ղարաբաղը: Չի կարելի»: Հաջորդ ելույթ ունեցող ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, արձագանքելով Զարուհի Փոստանջյանի ելույթին, հայտարարեց. «Եթե ձեր ելույթը ուղիղ հեռարձակվեր Ադրբեջանի մինիմեջլիսում, ապա բուռն ծափողջյունների կարժանանար, ոչ թե նրա համար, որ քննադատում եք ՀՀ-ն, այլ որ ձեր ասածները հասանելի են ադրբեջանական քարոզչամեքենայի համար: Ձեր ասածը որեւէ աղերս չունի իրականության հետ»: Սկսվեց վեճ. Զարուհի Փոստանջյանն ու Խոսրով Հարությունյանը սկսեցին բղավել մեկը մյուսի վրա: Խոսրով Հարությունյանին միացան նաեւ ՀՀԿ մյուս պատգամավորները: «Ձեր պահվածքով դուք անարգում եք մեր զինվորների արյունը: Ինչ երջանկություն է, պատմական հաջողություն էր, որ 2013թ. դուք չեկաք իշխանության»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը: Իսկ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նրա ելույթը անվանեց դավաճանական. «Այնպիսի տպավորություն է, որ մենք ամեն օր այստեղ հավաքվում ենք այս դահլիճում, որ լսենք տիկին Փոստանջյանի ծուղրուղուն»: Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու ԸՕ այս նախագծին, ապա անդրադարձավ Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվում են. «Շատ մազալու բաներ այս օրերին լսեցինք: Նրա պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք թվով ութ ըտրություն, որոնց վերաբերյալ հարյուրավոր միջազգային հայտարարություններ են արվել»: