«Ծգլի օգտին քվեարկում են, հետո՝ ընդդիմությունից պահանջում իշխանափոխություն» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատական ելույթ ունեցավ: Նա նշեց, որ այս օրերին մի շարք զարմանալի բաներ տեսան ու լսեցին: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվում են. «Ընտրակեղծարարների ժամապահը, որ կեղծիքների հետքերը միջազգային հարթակներում մարելով էր զբաղված, այսօր ողբ է անում քսանամյա ընտրակեղծարարության մասին: Նախկին պաշտոնյաներն են այսօր բողոքում կեղծումներից, իսկ այդ ընտրակեղծումներն արձանագրող ակտիվիստներին ու ԶԼՄ-երի դեմ այդ նույն պաշտոնյաներն անձամբ են հետապնդումներ արել ու անգամ շատ ակտիվիստների մահվան դատավճիռները հրապարակել: Ժամանակին ավտոմեքենաներ ու կաբինետներ ստանալիս բողոք չունեին, իսկ երբ նույն կեղծիքների արդյունքում այդ ամենից զրկվեցին, Ալեքսանդր Մատրոսով դարձան»: Պարոն Փաշինյանն անդրադարձավ նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի քննադատությանը՝ ուղղված Վարդան Օսկանյանին. «Էդուարդ Շարմազանովը թող չշտապի. ապագա քաղաքական զարգացումների արդյունքում միգուցե նա էլ սկսի լալահառաչ արձագանքել առաջիկա ընտրությունների մասին, որ աղաղակող ու զանգվածային կեղծիքներ են եղել: Այսօր փող ու մուրաբա բաժանողները փող ու տուկի թել բաժանողներին են քննադատում, նրանց էլ՝ ատամի պրոտեզ բաժանողները: Ինձ ավելի հուզեց դորդ-ջհար ձեւաչափը, որը վերածվեց իքի-բիրի»: Նա խոսեց նաեւ սահմանադրական հանրաքվեից՝ նշելով՝ այն կոպտորեն կեղծվեց, սակայն Հրազդանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ին հաջողվեց պահել ընտրությունների արդյունքներն ու դե յուրե արձանագրել ամեն մի քվեն, կանխել կրկնաքվեարկությունները. «Որեւէ մեկը լցոնում անելու շանս չուներ: Սա ասում եմ, որ օրենսգիրքը շատ բան է որոշում, սակայն ավելի շատ որոշում են այն հարակից գործոնները, որոնք ֆոն են ստեղծում: Օրինակ՝ մենք չկարողացանք ընտրակաշառքը կանխել: Օսկանյանի քսան տարվա ընտրակեղծարարության ընթացքում ընդդիմությունը խոստանում էր պահել ընտրությունները ու չարեց, ու արդյունքում այսօր քսան տարվա փորձն ավելի զորեղ գտնվեց քաղաքացու համար: Այնքան սորտի ընդդիմություն կա այսօր մեր երկրում, որքան Ֆրանսիայում պանրի տեսականի, սակայն այդ ընդդիմությունից ավելի շատ վատ հոտ է գալիս»: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՔՊ-ն ցանկանում է դառնալ երկրի այն միակ ընդդիմությունը, որ քաղաքացու կկարողանա բացատարել՝ ոչ թե քվեարկել ատամի պրոտեզի, տուկի թելի, օրը երկու հատ լավաշի համար, այլ հանուն ավելի լավ ապագայի. «Ես համաձայն եմ, որ սա միայն քաղաքացու խնդիրը չէ, գիտեմ, որ կան մարդիկ, որ գնում են, օրինակ, Ծգլի օգտին քվեարկում են, հետո՝ վազում Ազատության հրապարակ ու ընդդիմությունից պահանջում իշխանափոխություն: Այս ԸՕ նախագծի տառը Հս Կորեայից է, ոգին՝ Սաուդիան Արաբիայից»: «Չեմ կարող չարձագանքել: Պարոն Փաշինյան, ճիշտ կանեք՝ շատ չշտապեք ու կանխատեսումներ չանեք. կյանքը դիմացն է ու կտեսնենք՝ ով, ինչ հայտարարություն է անում»,- ժպտալով արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: