Անունը դրեք Իսկյանդար, թե Փիլիպոս, բան չի փոխվի. ԸՕ քննարկումներ
ԱԺ-ում այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արտահերթ ելույթում ափսոսանք հայտնեց, որ իշխանություն-ընդդիմություն կոնսենսուս չձեւավորվեց. «Եթե իշխանությունն ասի՝ արեւը արեւելքից է ծագում ու արեւմուտքում մայր մտնում, ընդդիմությունը կհայտարարի, թե իշխանությունն ամեն ինչ իրեն է հարմարեցնում ու իր վերարտադրության համար է անում: Այս մոտեցմանը ծափ տվողներ էլ կլինեն, այդ թվում՝ ԶԼՄ-ներից՝ առանց հասկանալու հետեւություններ անելով: Այս ինչ մրցավազքի մեջ ենք մտել, ինչո՞ւ է մեր խոսակցությունը նմանվում երկու խուլերի խոսակցության: Գուցե ես խտացնում եմ գույները, սակայն մեր խնդիրը մեկն է՝ մեզ պետք է վստահի ընտրողը, որի համար միեւնույնն է, թե ինչ խորամանկ ու խորիմաստ ընտրական մեխանիզմներ ենք մշակում, ինքն իր թեկնածուին է ուզում ընտրել: Մեր առաջարկած այս համակարգն առանց մարդու մասնակցության ու միջամտությամբ է հիմնականում գործելու»: Նա նաեւ հայտարարեց, որ իր մոտ տպավորություն է, թե ընդդիմությունը տեղյակ է ու պատրաստ է ընտրությունները տանուլ տալուն. «Մեր երկրին պետք է ուժեղ իշխանություն, որ պատրաստ է դիմագրավել արտաքին մարտահրավերներին»: Իսկ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ելույթը ծայրից ծայր համեմված էր ժողովրդական ասույթներով: Մինչ նա ելույթ կունենար, ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ընդմիջման ժամն է մոտենում, միգուցե նա չհասցնի իր ելույթը: «Բախտի տերը շուն դառնա, երեկ էլ կառավարության հետ հարցուպատասխանին ժամանակ չմնաց՝ հարց տայի, այսօր էլ ընդհատվելու է իմ ելույթը...Ճիշտ եք, Նիկոլ ջան, ում բախտը բերում է, ումը՝ ոչ»: Այդ ժամանակ ՀՀԿ թեւից սկսեցին հումորներ անել Հովհաննես Մարգարյանի հետ: «Պարոն Մարգարյան, պրովոկացիաների մի ենթարկվեք»,- կատակեց Էդուարդ Շարմազանովը: «Ես ենթարկվողներից չեմ: Կենթարկեցնեն, սակայն չեմ ենթարկվի»,- խրոխտ հայտարարեց Հովհաննես Մարգարյանը: Այնուհետեւ նա սկսեց քննադատել ԸՕ նախագիծը եւ հատկապես համամասնական ընտրակարգն ու, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկությունը՝ այն համարելով թաքնված մեծամասնական համակարգ. «Ուզում եք անունը դրեք Իսկյանդար, թե Փիլիպոս, դրանից բան չի փոխվի: Ոնց որ ասեք՝ խիարն ու բողկը նույնն բանն են, բայց դուք բողկ եք բերել: Հոնքը սարքելու տեղը, ունքն էլ ենք հանում այսպիսով»: Հովհաննես Մարգարյանն այնուամենայնիվ, կարողացավ տեղավորվել ժամանակի մեջ եւ իր ելույթն ավարտել մինչեւ ընդմիջումը, թեեւ պահանջում էր՝ ընդմիջումից հետո եւս իրեն մեկ ու կես րոպե ժամանակ տալ: «Պարոն Մարգարյան, ցավդ տանեմ, ախր հասցել եք ձեր ժամանակի մեջ»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: «Մնաս անցավ»,- եղավ Հովհաննես Մագարյանի սրտացավ պատասխանը: