Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն ջենթլմենական համաձայնագիր է առաջարկում (տեսանյութ)

Քաղաքականություն
ab321682ba76e2ad38d1bbd1dc3b69c4

ԱԺ-ում այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ թեեւ իրենց բոլոր առաջարկությունները չեն ընդունվել, սակայն իրենք պատրանքներ էլ չեն ունեցել. «Մեր կեցվածքը մերժողական չի եղել, ինչպիսիք տեսել ենք այլ քաղաքական ուժերի պարագայում»: Ըստ նրա՝ նոր Սահմանադրությունից բխող ԸՕ-ն հասարակության զրոյական վստահությունը էականապես մեծացնելու հնարավորություն տալիս է. «Կա հայտնի մի ճշմարտություն՝ լավ ընտրություններ կարելի է անցկացնել անգամ վատ օրենքով ու հակառակը: Այս առումով հիմնարար հարցեր են մնում վարչական ռեսուրսի չարաշահումն ու ընտրակաշառքը: Ոչ մի օրենք ընտրակաշառքը չի կարող բացառել, այլ լուծումներ են պետք: ՀՅԴ կողմից առաջարկում եմ մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ ստորագրել ջենթլմենական համաձայնագիր, որ ընտրակաշառք չեն բաժանելու: Սա պատասխանատու ու համարժեք դիրքորոշում կլինի, որը հնարավորություն կտա ունենալու ավելի ուժեղ, արդար, բարեկեցիկ Հայաստան»: ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանի կարծիքով էլ՝ այս ԸՕ-ն պետք է լուծի հանրային վստահության բարձրացման հարցը. «Ես մնում եմ այն համոզման, որ սա թաքնված մեծամասնական համակարգ է: Այլ երկրներում միգուցե այս համակարգն իդեալական գործում է, սակայն մեր երկրում առկա ավանդույթների պարագայում դա բավարար չէ: Իշխանությունը խոսում է զիջումների մասին: Ե՞ս պետք է գնամ զիջումների: Ես ինչո՞ւ պիտի գնամ զիջումների, երբ նախագծի հեղինակը դուք եք, դուք պետք է գնաք զիջումների: Այստեղ իշխանությունից կարծիք հնչեց, որ կարող է նայել ժողովրդի աչքերին ու ասել, որ սա լավ նախագիծ է: Ես առաջարկում եմ՝ նույն բացարձակ ճշմարտությամբ ասել, որ անցած տարի դեկտեմբերին տեղի ունեցած հանրաքվեն տեղի է ունեցել առանց կեղծիքների: Պետք չէ փակվել այս տարածքում ու միմյանց աչքերին նայելով՝ ասել, թե խնդիրները լուծելի են: Համարձակություն ունեցեք ու նայեք ժողովրդի աչքերին ու նույնն ասեք»: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն, արձագանքելով Էլինար Վարդանյանին, ասաց. «Տիկին Վարդանյան, ես ձեզ շատ հարգում եմ ու ուզում եմ տեղեկացնել, որ ոչ մեկը ձեզ չի խանգարել ներկայացնելու ձեր սեփական ԸՕ նախագիծը: Դեռ ուշ չէ...Դուք էլ կարող եք ներկայացնել, հարգելի Բիշարյան»: