«Նպատակ ունենք լրջորեն ներազդելու ՀՀ քաղաքական գործընթացների վրա»
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. Երեկ հրապարակվեց «Համախմբում» կուսակցության (անգլերեն՝ Unity, ռուսերեն՝ Единение) նախաձեռնող խմբի հայտարարությունը կուսակցության հիմնադրման մասին: Այս պահին կուսակցության նախաձեռնող խմբում ներգրավված է Ազգային ժողովի չորս պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և ես, ինչպես նաև մեկ տասնյակ պատկառելի համախոհներ: Մենք նպատակ ունենք լրջորեն ներազդելու Հայաստանի քաղաքական գործընթացների վրա: Այժմ, երբ նոր Սահմանադրությամբ մեր ողջ կառավարման ձևը խարսխված է լինելու կուսակցական համակարգի վրա, մեր կուսակցությունը նոր մշակույթ կբերի կուսակցաշինության և դրա գործելաոճի մեջ: Մենք կլինենք բաց և թափանցիկ, հնարավորություն կտանք յուրաքանչյուր անհատի ինքնադրսևորվելու, կապահովենք սերնդափոխությունը, համարձակորեն և ազնվորեն կբարձրացնենք և կխոսենք առկա թերությունների, ձախողումների և երկրի առաջ ծառացած խնդիրների մասին, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերում կառաջարկենք հստակ և նպատակային լուծումներ: