Շուտով երկիրը խաչ է քաշելու իր բոլոր հնարավոր հեռանկարների վրա. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ԸՕ նախագծի վերջնական տարբերակի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ ՀԱԿ նախաձեռնած 4+4+4 ձեւաչափին՝ ասելով. «Մենք որեւէ իլյուզիա չունեինք, որ կոնսենսուս կլիներ: Փոխզիջումը, միմյանց տեսակետ լսելը դարձել է կարմիր գրքում գրելու ձեւակերպումներ: Կոնսենսուսի մասին խոսողների նպատակը աղմուկն էր ու իմիտացիան՝ որպես սուրճի հետ պարտադիր աքսեսուար, որ սոցիալական ցանցերում որոշ ռադիկալ աղանդավորական ստատուսագիրներ իրենց չմեղադրեին՝ կոնսենսուսի չգնալու համար: Մինչդեռ մեր մասնակցությունը իմիտացիոն չի եղել: Մեր առաջարկների գերակշիռ հատվածը չի ընդունվել»: Ըստ նրա՝ մեր երկրում խնդիրը ոչ թե լավ կամ վատ օրենքներն են, այլ քաղաքական կամքի բացակայությունն է. «Ես իրատես քաղաքական գործիչ եմ, այլ ոչ թե ռոմանտիկ, ու կարծում եմ՝ եթե անգամ բոլոր առաջարկները ընդունվեին ու ոսկերչական մակարդակի հասցված օրենսգիրք ունենայինք, որը բոլոր սողանցքները կփակեր, քաղաքական կամքի բացակայության պարագայում, միեւնույնն է, լավ ընտրություններ չէինք ունենա: Ամենալավ օրենքով կարող ենք անցկացնել խայտառակ ընտրություններ: Հիշենք, 1990-ականները, երբ գոյություն չունեցող օրենսգրքով անցկացվեցին միակ արդար ընտրությունները»: Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, որ համաձայն չէ Վարդան Օսկանյանի հասցեին հնչեցված քննադատություններին. «Մեղավորը օրենսգիրք չի եղել, այլ քաղաքական կամքի բացակայությունը: Մենք իրապես անցել ենք կարմիր գիծը, շուտով երկիրն ուղղակի խաչ է քաշելու իր բոլոր հնարավոր հեռանկարների վրա: Երկիրը սպառել է այլեւս անարդար ընտրություն անցկացնելու հնարավորությունը, իրապես սթափվելու ժամանակն է: Անհրաժեշտ է գիտակցություն, առաջին հերթին իշխանության մոտ, որ կարմիր գիծն անցած է, որ ցանկացած ապօրինություն ՀՀ-ն գցելու է այն երկրների ցանկում, որ ավատված է պատմությունը»: