Միֆեր՝ ըստ Մարգարիտ Եսայանի
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում մինչ օրս եղած բոլոր միֆերը փլուզվում են ու տեղը մաքրվում է: Ըստ նրա՝ միֆերից մեկն այն էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն անհաշտ թշնամիներ են. «Վտանգի պահին քաղաքական տարաձայնությունները զրոյականանում են եւ աշխատում է պետության ու ժողովրդի համար ընդհանրական պատասխանատվությունը: Հանդիպեցին, խոսեցին ու ժողովուրդը տեսավ, որ իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են արտաքին մարտահրավերների առջեւ»: Մյուս միֆն, ըստ Մարգարիտ Եսայանի, այն է, որ ժողովուրդն ու երկրապահը հոգնել է, Ղարաբաղի համար նախկին էնտուզիազմը չի աշխատի. «Էն էլ ոնց աշխատեց՝ ամբողջ աշխարհով ու Սփյուռքով արդյունքները տեսանք բոլորս՝ հատկապես թշնամին»: Պատգամավորի կարծիքով՝ հաջորդ միֆը այն է, որ կային քաղաքական ուժերը, որոնք իբր կարող էին իրավիճակ փոխել ու նոր խոսք բերել. «Պարզվեց՝ կամ չկան, կամ ասելիք ու անելիք չգտան: Ով-ով, ես ուրախ եմ, որ դաշտը հստակեցվում է»: Տիկին Եսայանն անդրադարձավ նաեւ այն մտահոգություններին, թե ՀՀ-ն տանուլ է տանում Ադրբեջանի տեղեկատվական պատերազմում. «Մենք տեղը դրեցինք շահիդին ու թշնամուն: Ես շնորհակալ եմ լրագրողներին ու բլոգերներին, թարգմանիչներին, որոնք այս հիբրիդային պատերազմում մեր հաղթանակը պահեցին: Իրենց շատ պատվախնդիր պահեցին բոլոր լրագրողները: Եղան, իհարկե, նաեւ իրենց պատվիրատուների օգտին աչքերն ու ականջները փակ լրատվամիջոցները: Համոզված եմ, որ նրանց դիմակները հանեցինք: Միասնականությունը անկարեւոր խնդիրների հետ չմանրելն է, քանի որ այդպես ենք հաղթել ու հաղթելու ենք: Մենք մեկ միասնական բռունցք ենք»: