««Շամիրամ» կուսակցությունից բացի, որևէ անակնկալ չի եղել» (տեսանյութ)
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների շրջանակում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց. «Չե՞ք կարծում, որ մեր հանրապետությունում ընտրությունների արդյունքների հարցը լուծվում է մինչև ընտրությունը»։ «Ոչ։ Ի վերջո ընտրությունների ճակատագիրը լուծվում է ընտրության օրը։ Բայց այն, որ նախընտրական փուլում հնարավոր են խախտումներ, դա հնարավոր է, և ընտրակաշառք է հնարավոր..։ Մենք փորձել ենք որոշ լուծումներ տալ այս հարցին։ Եթե դուք ունեք առաջարկներ, կարող եք ներկայացնել»,-պատասխանեց պարոն Հարությունյանը։ Իսկ պատգամավորի այն հարցին, թե ընտրությանը չմասնակցած մարդն ինչպես կարող է ծանոթանալ՝ ցուցակում իր անունը եղել է, թե ոչ, վերջինս ասաց. «Մտածում էինք, որ ID քարտի պին կոդը նշելով՝ հասկանան՝ քվեարկվել է իրենց անունից, թե ոչ։ Դա բարդ է այսօր անել։ Եթե ID քարտերը դառնան տարածված ամբողջ երկրում, կարող ենք դա անել»։ Պարոն Մելքումյանը հակադարձեց. «Մարդիկ գնում, քվեարկում են, հետո դրա արդյունքները հրամցվում են այնպես, ինչպիսին մթնոլորտն է։ Բոլորս էլ գիտենք, որ եթե կամք չցուցաբերվի, մթնոլորտ չփոխվի, միայն ընտրության օրը ձևակերպված արդյունքներ հրամցնելն այդպես չի։ Բոլորս գիտենք. 1995 թվականի «Շամիրամ» կուսակցությունից բացի, որևէ արտառոց անակնկալ չի եղել այս ընթացքում»։ «Համարում եմ, որ բազում հարցեր օրենսդրորեն կարելի է ճիշտ ուղղորդել»,-ասաց Դավիթ Հարությունյանը։