Լրագրողը ոստիկանապետի դեմ հայց կներկայացնի (տեսանյութ)
Էդուարդ Շարմազանովն այսօր ներողություն է խնդրել լրագրող Սիրանույշ Պապյանից՝ երեկ Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցրած վիրավորանքի համար։ Երեկ Ծիծեռնակաբերդում լրագրողը հենց նոր զոհերի հուշահամալիրի մոտ խաչակնքված ոստիկանապետից հետաքրքրվել էր, թե ինչու՞ հասարակությունը չի տեսնում ոստիկանության բարեփոխումները։ Վլադիմիր Գասպարյանը հակադարձել էր միանգամից. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»։ Պարոն Շարմազանովը բոլորին կոռեկտության կոչ է անում եւ չի ուզում գնահատել ոստիկանապետի արարքը։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որակումներ տալ լրագրողին. «Էստեղ էլ մենք ունենք պատգամավորներ, որոնց վերաբերմունքը լրատվամիջոների հանդեպ միշտ հայտնի է եղել, բացարձակապես անընդունելի է»։ Գուցե ոստիկանապետին եւ նրա նման արտահայտվողներին իշխանությունը հեռու՞ պահի պետական կառավարման համակարգից։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չի կարող նման բան պնդել. «Պատասխանատվության չափը յուրաքանչյուր անձի բարոյական ինքը պիտի որոշի իր քայլից հետո»։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ ոստիկանապետը, երբ մասնագիտական պարտականությունների մեջ գտնվող լրագրողի մեջ կին չէր տեսնում։ Պարոն Ահարոնյանը գրում է. «Հակադարձելով լրագրողի պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ոստիկանապետն ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին»։ Լրագրող Սիրանույշ Պապյանը իր հետագա գործողություններում այս մեկնաբանությունը հաշվի չի առնի. «Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի ներկայացրած մեկնաբանությունը զուտ անձնական մեկնաբանություն է եւ որեւէ կերպ իմ մոտ վերաբերմունք չի փոխում եւ որեւէ կերպ չի մեղմում այն վիրավորանքը, որ ոստիկանապետն է հասցրել»։ Տիկին Պապյանը պատրաստվում է դիմել բոլոր հնարավոր ատյաններին՝ եւ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, եւ դատարան, որպեսզի ոստիկանապետը ներողություն խնդրի. «Ոստիկանապետը դուրս է եկել իրեն վերապահված սահմաններից, վիրավորել է քաղաքացու, նաեւ լրագրողի»։ Լրագրողն ի դեպ վստահեցնում է, որ ոչինչ իրեն չի կանգնեցնելու, որպեսզի ոստիկանապետին հասցնի պատասխանատվության դուռը։ Ի դեպ, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և ստորացուցիչ հայտարարություն անել։