Հարցի լուծումը 5 նռան մեջ է. քուրդը ներողություն խնդրեց հայերից (տեսանյութ)
Գերմանիայում գործող Թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմուդ Ուզունն իր հետ Անգլիայից հայկական 5 նուռ էր բերել Հայաստան: Նրա խոսքերով՝ նռան կորիզը դեռ հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հասել է Անգլիա: Ազգությամբ քուրդ Մահմուդ Ուզունը պատահական չի ընտրել 5 նուռը: Նա կարծում է, որ Հայկական հարցի լուծումը 5 նռան մեջ է: «Հայ ազգը ունի 5 խնդիր, բռնազավթված Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, Արցախը՝ Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Ջավախքը: 100 տարի առաջ հայն ապրում էր Նախիջեւանում, Ղարաբաղում, Արեւմտյան Հայաստանում, Ջավախքում: Ցեղասպանության ենթարկեցին հայ ժողովրդին եւ իրենից խլեցին: Հիմա 5 աշխարհամասում ապրող հայությունը այս հինգ կտորը պետք է միացնի իրար, սա է առաքելությունը հայության»,- այսօր հայտարարեց Մահմուդ Ուզունը: Նա նաեւ ներողություն խնդրեց հայ ազգից քանի որ քրդերը եւս մասնակցել են ցեղասպանությանը: Կազմակերպությունը նաեւ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 1915-2016 թթ. 101 տարի շարունակ հերքվող ցեղասպանությունը շարունակվում է: «Թուրքիայի հանրապետությունը 101 տարի շարունակ հերքում է 1915 թ տեղի ունեցած Ցեղասպանությունը: Արդեն 101 տարի է՝ թուրքական ժխտողական քաղաքականությունը շարունակում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրագործումը։Կանգնելով իր հանցակից Ադրբեջանի թիկունքին՝ հրահրում է պատերազմ Լեռնային Ղարաբաղի հանրապետության վրա՝ հարձակվելով գաղտնի ծրագրում են նոր ցեղասպանություններ»,- նշված է հայտարարության մեջ: Նրանք կոչ են անում նաեւ ճանաչել ցեղասպանության փաստը՝ նշելով, որ իրենց ձեռքերը ցեղասպանությունը ժխտողների օձիքներին է, քանի որ ժխտումը ցեղասպանության շարունակությունն է: