Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ ռեժիմով հարցեր՝ անձամբ վարչապետին, ԱԳՆ-ին ու ՊՆ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-1

ԱԺ քառօրյային այսօր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ այս օրերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից տեղեկություններ ավելի շատ ռուսական մամուլից ենք ստանում, քան մեր. «Առաջարկում եմ ու պահանջում, որ ՀՀ ԱԳՆ-ն առնվազն երկու թեմայի հետ կապված հաղորդագրություն ներկայացնի՝ ՀՀ եւ ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի հետ կապված, եւ թող չպատճառաբանվի, թե դա տեխնիկական խնդիր է: Եվ հստակ տեղեկատվություն ներկայացվի բանակցային գործընթացի մասին, որպեսզի ստիպված չլինենք այլ երկրների մամուլից տեղեկանանք»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀ-ն հստակ դիրքորոշում է ներկայացրել այդ մասին, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում: ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում չի փոխվել. ՀՀ-ն եղել ու մնում է նրա անվտանգության երաշխավորը: ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի հիմա: ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ ու ժողովրդավար պետություն է: Առանց ԼՂՀ ժողովրդի, նրա ճակատագիրը որեւէ մեկը չի կարող լուծել»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց՝ եթե բոլոր գործընկերները բարձրացնում են նույն խնդիրը, ուրեմն խնդիր կա, քանի որ բոլոր հարցերը չեն լուծվել. «Պաշտպանության նախարարի հետ տեղի ունեցած փակ հանդիպումից հետո էլի իրադարձություններ են եղել, եւ շատ հարցեր են առաջացել, որոնք չեն բավարարվել, քանի որ խնդիրը շատ նուրբ է: Մենք ցանկանում ենք փակ ռեժիմով հարցեր ուղղել անձամբ վարչապետին, ԱԳՆ-ին ու ՊՆ-ին, կրկին անգամ հնարավորինս սեղմ ժամկետում նիստ հրավիրենք, այլ ոչ թե, ասենք, Հրանտ Բագրատյանի հետ ԱԺ փոխխոսնակի աշխատասենյակում տետ ա տետ հանդիպում»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան՝ նկատեց. «Տիկին Զոհրաբյան, ավելի բարձր տոնով խոսելը ոչ ձեր հասակն է ուժեղացնում, ոչ էլ ձեր հմայքն է ավելացնում: Ավելի ցածր տոնով էլ ընկալելի կլինի: Մենք կքննարկենք ձեր առաջարկն ու գործի արդյունավետությունից ելնելով՝ կտանք վերջնական պատասխան»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր կողմից նշեց, որ քսան օրվա ընթացքում հասկանում ենք, որ ունենք երկու պետության գործադիր իշխանություն, սակայն հնարավորություն չունենք նրանց հետ նստելու ու քննարկելու. «Դրա հետեւանքով այսքան զոհ ենք ունեցել: Ոչ միայն ՀՀ, այլեւ ԼՂՀ իշխանությունները պետք է հանդիպեն մեզ հետ: Այս անգամ ԼՂՀ զինված ուժերն են պահել սահմանը ու նրանց շնորհիվ է, որ ռազմական գործողությունները չեն տեղափոխվել ՀՀ սահմանի ավելի խորքեր: ԼՂՀ զինված ուժերն են այս անգամ եղել մեր անվտանգության երաշխավորը»: