ԸՕ-ի մասին գնահատականները քաղաքական են. Դավիթ Հարությունյան
Իշխանությունների համար ինչո՞ւ էր այդքան սկզբունքային հարց ՝քվեարկությունից հետո ընտրացուցակների հրապարակումն այն տեսքով, ինչպես ընդդիմությունն էր պատկերացնում։ «Ա1+»-ի հարցին պատասխանում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։ «Մենք առաջարկել ենք, որ ընտրական տեղամասում մինչև անգամ քվեաթերթիկների հաշվարկը, այն էլեկտրոնային սարքը, որի միջոցով իրականացվում է ռեգիստրացիան, տպի բոլոր այն անձանց համարները, ովքեր մասնակցել են քվեարկությանը։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ ընտրացուցակների հասանելիության ապահովում բոլոր շահագրգիռ կողմերի համար»։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ սա հնարավորություն կտա ընտրատեղամասում քվեարկության արդյունքներից դժգոհ անձանց բողոքարկել արդյունքները դատարանում. «Դրա համար պետք է դիտարկել՝ մեր իրավական դաշտն ինչպիսին է։ Եթե որևէ մեկը ցանկություն ունի վիճարկելու դատարանում և ապացուցելու, որ այս անձը, ենթադրենք, իրականում չի եղել հանրապետությունում կամ չի մասնակցել քվեարկությանը, բայց նրա անվան դիմաց ստորագրություն է, նա դրա համար պետք է բերի իր ստորագրությունը կամ մտահոգությունը։ Պետք է անի երկու բան՝ իր ցուցմունքը, որ այս ինչ անձը ստորագրել է, և երկրորդ՝ ցուցմունք կամ ապացույցներ, որ այդ անձը չի մասնակցել քվեարկությանը»։ Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հրապարակումից հետո, սկսվեց քննարկումների շարք՝ ընդդիմադիրների, իշխանության ու քաղհասարակության կողմից։ Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդիմության և իշխանությունների միջև կոնսենսուսը չկայացավ։ Մինչդեռ, ըստ Դավիթ Հարությունյանի, քննարկումների արդյունքից ընդդիմությունը պետք է գոհ լինի. «Միանշանակ, մենք էլ ենք գոհ, քանի որ բազմաթիվ փոփոխություններ տեղի են ունեցել հենց այս քննարկումների արդյունքում։ Այլ խնդիր է, թե վերջում ով ինչ գնահատականներ է տալիս, այստեղ ես կարծում եմ՝ ավելի շատ քաղաքական են գնահատականները»։