«Սփյուռքահայերին վստահության պակասն է խանգարում օգնել Հայաստանին»
1995-1996 թթ. Հայաստանից Բելգիա տեղափոխված անհատ ձեռներեցներ Գրիգոր Բաղդասարյանը եւ Վահան Չատալբասյանն այս օրերին Հայրենիքում են, որպեսզի օգնության ձեռք մեկնեն քառօրյա պատերազմի արդյունքում զինվոր կորցրած ընտանիքիներին, ինչպես նաեւ՝ դիրքերում գտնվող սահմանապահներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ մի քանի տարի շարունակ՝ օգնություն են հավաքել Բելգիայի հայերից եւ այն հասցրել ազատամարտիկների ընտանիքներին, սակայն սահմանային լարվածությունը նրանց ստիպեց այս անգամ օգնությունն ուղղել դեպի Արցախ: Երիտասարդները կոչ են անում սփյուռքահայերին՝ հետեւել իրենց օրինակին: «Ուզում ենք ինչ-որ կերպ Սփյուռքի վստահությունը հետ բերել: Թող որ մեզ չմիանան, բայց ամեն մեկն իր երկրից՝ թող լինի Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, միանան եւ իրենց օգնությունը ցույց տան»,-ասաց Վահան Չատալբասյանը՝ նշելով, որ հաճախ սփյուռքահայերին վստահության պակասն է խանգարում օգնության ձեռք մեկնել Հայաստանին. «Վստահություն չկա որեւէ բանի հանդեպ: Շատ մարդիկ կան, որ ասում են՝ գումար ենք փոխանցել, մտել ենք բանկ, հարցրել՝ այդ գումարներն ուր են հասել, պատասխան չենք ստացել»,-նշեց նա: Գրիգոր Բաղդասարյանն էլ հավելեց. «Այստեղ միայն իշխանության հարցը չէ: Դուրս եկեք փողոց, ուղղակի շարքային երկու քաղաքացի հաստատ իրար չեն վստահում»: Վահանը եւ Գրիգորը բելգիահայերի օգնությունն անձամբ են հասցրել Արցախ: Վերջինս կիսվեց իր տպավորություններով. «Դիրքերում տեսանք արծվաթեւ առյուծների: Իրոք քաջ տղերք, հերոսներ: Որեւէ լեզվի մեջ չկա բառ, որ ես կարողանամ բնութագրել հայ զինվորներին: Ասում են՝ 18 տարեկան տղաներն անփորձ են: Ես հերքում եմ դա, այդպիսի բան չկա, մեր տղաները կատարյալ տիրապետում են ռազմական բոլոր գործողություններին, ամեն փամփուշտի հարված ճշգրիտ է ու դիպուկ: Ինձ համար Հայաստան-Արցախ համադրությունը նույն է, ինչպես մարմինը եւ հոգին: Ղարաբաղը Հայաստանի հոգին է»,-եզրափակեց նա: