«Եթե երկիրը տեր չունի՝ որբի գլուխ է, ով հասնի, կխուզի» (տեսանյութ)
«Նոր Հայաստան» փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է եւ այսօր ընդամենը միջազգայնորեն արձանագրելու խնդիր ունենք. «Այսօր էլ այդ հարց լուծողների զավակները հերթական անգամ ապացուցեցին, որ այդ լուծումը պահպանելու են եւ ակնհայտ է, որ մեր ժողովուրդը երբեք չի հանձնվելու փոխզիջումների: Եթե ավելի սաստկանա հակամարտությունը, ապա հասնելու է այն կետին, որ Ադրբեջան պետությունն այլեւս գոյություն չի ունենա»: «Ա1+»-ի հետ զրույցում նա նաեւ նշեց, որ այս իրավիճակում, երբ իշխող վարչախումբը բացարձակապես չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, քանի որ նախ լեգիտիմ չէ. «Այս պահին մենք չունենք պաշտոնապես մեր ազգային շահը ներկայացնող կառավարություն: Այդ բանակցությունները բացարձակ արդյունք չեն կարող ունենալ, այն կարող է մեզ վնասներ բերել, այս կեղծ կարգավորման պրոցեսն առհասարակ՝այսպիսի հարձակումների, լարվածության աճման, արյունաքամության եւ այլ ձեւերով, բայց ոչ երբեք լուծում: Տարածք հանձնելու, օտար զորք բերելու, էթնիկ կազմը փոխելու, եւ մեր այլ կենսական շահերին դեմ ուղղված գործողություններ ներառող բանակցային առաջարկություններն արմատից պետք է մերժվեն եւ անտեսվեն»: Վարուժան Ավետիսյանի վստահեցմամբ՝ իրենք չեն մերժում միջազգային կարգավորման մեխանիզմները, ընդհակառակը՝ կողմ են. «Երբ ՀՀ-ում մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը կհաստատվի, այդ ժամանակ միջազգային դերակատարները կսկսեն ներդաշնակորեն աշխատել՝ մեր ազգային շահը հաշվի առնելով»: Ի՞նչ այլընտրանք կա հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին, պարոն Ավետիսյանի կարծիքով՝ նման տարբերակ առաջարկելուց առաջ պետք է իմանանք՝ ի՞նչ է կատարվում, քանի որ այս ամենը մեր ժողովրդից գաղտնի է արվում՝ փակ դռների հետեւում եւ դավադրաբար. «Այդ առաջարկությունների մի մասը հօդս կցնդեն, երբ ՀՀ-ում ազգային կառավարություն կլինի, մնացած մասով՝ ինչ կդրվի սեղանին, ինչ կառաջարկվի, դրա վերաբերյալ կմտածենք եւ կխոսենք: Ժողովուրդն է երկրի տերը եւ Սերժ Սարգսյանն ու նրա բանդան իրավունք չունեն հայ ժողովրդի անունից որոշումներ կայացնելու՝ նման կենսական կարեւորության փաստաթղթեր ստորագրելու, որոնք ենթադրում են տարածքների զիջում, խաղաղապահների տեղակայում եւ այլն. դա համաժողովրդական որոշում է, հակառակ դեպքում ինքնաբուխ դիմադրություն տեղի կունենա եւ ընդամենը տեղի կունենա կես քայլ զարգացում, որը ոտնատակ կանի այդ բոլոր հակազգային, դավաճանական որոշումները կայացնողներին եւ նման փաստաթղթեր ստորագրել ցանկացողներին»: Վարուժան Ավետիսյանի համոզմամբ՝ այս պարագայում քննադատությունների հիմնական վեկտորը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի միջազգային հանրությունը, այլ դեպի ներս, քանի որ արտաքին քաղաքականությունը ա ներքինի արտացոլումն է. «Եթե երկիրը տեր չունի՝ որբի գլուխ է, ապա ով հասնի, կխուզի: Պետք է հասկանալ, արժանապատվություն ունենալ, ներքուստ վիրավորվել, ատամները սեղմելով գործ անել՝ մինչեւ որ այդ վիճակը հաղթահարվի: Երբ երկրին տեր եղավ, նրա հետ հաշվի կնստեն: Հիմա մեր երկիրը անտեր է կառավարման իմաստով. ժողովուրդը՝ տերը, կա, սակայն լծակներն իր ձեռքը չեն»: Ըստ նրա՝ անգիտությամբ չեն գնում բանակցությունների. «Կան բաներ, որոնք չեն զիջվում՝ հայրենիքը, տարածքը, սահմանները, ժողովուրդը, կենսական շահերը, գերկարեւոր ենթակառույցները, դրանք կյանքի հիմքերն են, որոնք եթե զիջում ես, ուրեմն դու գնում ես դեպի մահ: Դրանից դուրս՝ կարգավորման, մոնիթորինգային սխեմաներ դնելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ուժերի հավասարակշռության հետ կապված բանակցությունների հետ կապված մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, պետք է ընդունենք եւ հասկանանք՝ մենք ինչ ենք անում»: