Հանուն բիզնեսի կեղծել է Տ. Սարգսյանի եւ Արքեպիսկոպոսի ստորագրությունները
Օֆշորի հայտնի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները կեղծել է իր բիզնեսը պաշտպանելու համար: «Երբ Աշոտ Սուքիասյանը Կիպրոսում ընկերություն է բացել, իրավաբանն ասել է, որ եւս երկու հանրաճանաչ մարդու անուն լավ կլինի ընդգրկես, որ քո կազմակերպության վրա այլ աչք ունեցողներ չլինեն, չփորձեն խարդավանքներ անեն, քո գույքին տիրանալու համար: Այդ իսկ պատճառով նա փորձել է նմանակել նրանց ստորագրությունները՝ առանց նրանց գիտության,- «Ա1+»-ին ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ չկա մեկ ապացույց, որ փաստաթուղթը ստորագրվել է Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից: «Եթե Աշոտ Սուքիասյանը հայտարարի, որ Խաչատրյան ջան, իմ կողմից չի եղել նշված հանգամանքը ես չեմ կատարել ստորագրություն, խնդրում եմ դու էլ քո մասնագիտությամբ հասի նրան, որ պարզենք իրողությունը»,- ասում է փաստաբան Խաչատրյանը: Փաստաբանի խոսքերով՝ տուժող Փայլակ Հայրապետյանը հանրահայտ մարդկանց անուններ նշելով, ցանկանում է հնչեղության մեջ պահել գործը. «Եթե այդ մարդկանց անուններն առանձնացնենք, այստեղ քրեական գործ չկա»: Փաստաբանը այսօր եւս մեկ անգամ նշեց, որ սա քաղաքացիաիրավական գործարք է եղել, որը պարզապես ձախողվել է եւ քրեական տարրեր չի պարունակում իր մեջ: Իսկ ինչ վերաբերում է ունեզրկված Փայլակ Հայրապետյանին փոխհատուցմանը, ապա ըստ Աշոտ Սուքիասյանի պաշտպանի՝ նախ պետք է կնքված լիներ պայմանագիր եւ դրա կետերը խախտելու դեպքում մի կողմը պետք է պատասխան տար: Սակայն Փայլակ Հայրապետյանը խուսափել է պայմանագիր կնքելուց: Ի դեպ, այսօրվա նշանակված դատական նիստը չկայացավ, քանի որ գործով դատախազը չէր ներկայացել: Դատական նիստում նախատեսվում էր, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը պետք է պատասխաներ տուժող կողմի եւ մեղադրողի հարցերին: Նիստը հետաձգվեց մինչեւ հաջորդ հինգշաբթի օրը: