Թուրքական ապրանք գնելով՝ «զենք ենք տալիս նրանց» (տեսանյութ)
«Հանուն օրենքի» ՀԿ անդամները միավորվել են «Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության շուրջ։ Նրանք այսօր՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ ասուլիս էին հրավիրել՝ բնակչությանը ևս մեկ անգամ հորդորելու՝ հրաժարվել թուրքական ապրանքից։ «Գնելով թուրքական ապրանքները՝ մենք ֆինանսավորում ենք թուրքական ռազմարդյունաբերությունը։ Այն երկիրը, որը մեծ շահ ուներ Թուրքիայից, հրաժարվեց բավականին ապրանքներից և պատժամիջոցներից կիրառեց։ Խոսքն, իհարկե, Ռուսաստանի մասին է։ Մեզ մոտ այս խնդրի լուծման հարցում մեծ դեր ունի և պետությունը, և մասնավոր հատվածը, և քաղաքացիները»,-նշեց Թաթուլ Մանասերյանը։ «2008-2014 թվականների ընթացքում 1,5 մլրդ դոլարի ապրանք է Թուրքիայից ներմուծվել մեր երկիր։ Սա պաշտոնական թիվ է։ Մինչդեռ Թուրքիայում պաշտոնապես արգելված է հայկական ապրանքի ներմուծումը։ Մենք դեմ ենք, որ Ռուսաստանը զենք վաճառի Ադրբեջանին, բայց գնում ենք նրա աջակից Թուրքիայի ապրանքը»,-իր հերթին շեշտեց նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը։ Մեկ այլ անդամ՝ Ծովինար Կոստանյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ներմուծում ենք ոչ միայն հագուստ, այլև սնունդ։ Եվ բացառված չէ, որ մի օր Թուրքիան այդ սննդի մեջ վնասակար նյութեր ներարկի, ինչի հետևանքները կզգանք սեփական առողջության վրա։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հորդորում է պետությանը միկրոբիզնեսը գոնե 2 տարի չհարկել, ինչպես նաև՝ մշակել ապրանքի ներմուծումը փոխարինող քաղաքականություն։ «Ամոթ է, որ մենք որոշ ապրանքներ չենք արտադրում, որոնց արտադրումն առանձնապես ոչ ծախսատար է, ոչ բարդ»,-շեշտեց նա, հավելելով, որ բնակչությունն էլ չպետք է գովազդի թուրքական ապրանքն ամեն քայլի։ «Դա զենք է նրանց ձեռքին»,-եզրափակեց տնտեսագետը։