Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերլուծաբաններ. ԼՂ հակամարտության լուծումը փոխզիջումների մեջ է (տեսանյութ)

Քաղաքականություն
A3548E19-7D06-46E2-B299-F92494144EB7_w1000_r1_s

Մինսկի խումբը կարող է այնքան հաջողություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործում, որքան Ադրբեջանն ու Հայաստանը այն թույլ կտան:
Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության բռնկումը մի շարք խոշոր պետությունների կողմից մոռացության մատնված տարածաշրջանը կրկին ուշադրության կենտրոն բերեց: Արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների հաստատության վերլուծաբան Մայքըլ Սեսիրիի խոսքերով, թեև Մինսկի խումբը ամուր է և հակամարտությանը դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում, ինչը օգտակար է շատ հարցերում, սակայն ոչինչ չի կարելի փոխել առանց Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործընթացների փոփոխության: «Ես Մինսկի խմբին չեմ մեղադրի այս հարցում, այլ ուշադրությունս կսևեռեմ դեպի հակամարտող կողմերը: Ամեն ինչ գալիս է մի պարզ խնդրից՝ հայկական կողմը հավատացած է, որ իրեն են հասնում ոչ միայն Ղարաբաղի տարածքը, այլ նաև այսպես կոչված բուֆերային գոտիները։ Նրանք պնդում են, որ իրենք են 1990-ականներին հաղթել պատերազմը և հակամարտության ճիշտ լուծումը դա է: Մյուս կողմից էլ, Ադրբեջանը տարածաշրջանում ունենալով պայմանական ռազմական գերազանցություն, իրեն ավելի ձեռնտու լուծում է պահանջում»: Ըստ Մայքըլ Սեսիրիի, Մինսկի խումբը կարող է այնքան հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում, որքան Ադրբեջանն ու Հայաստանը դա թույլ կտան: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Արևմտյան իշխանությունները որոշակիորեն պատասխանատվությունը թողնում են Ռուսաստանի ուսերին: «Սկայպ»-ի միջոցով «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում “Transatlantic Academy” հաստատության վերլուծաբան Նելլի Բաբայանը նույնպես անդրադարձել է հակամարտությունը լուծելու ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի ջանքերին: «Ցավոք սրտի ԱՄՆ-ի և Եվրամիության հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նվազել է: Այժմ մենք ունենք սառեցված հակամարտություն, որը ժամանակ առ ժամանակ բռնկվում է: Ռուսական դիրքորոշումը փոքր ինչ բարդ է, քանի որ Մինսկի խմբի անդամ լինելով, այն միևնույն ժամանակ ռազմական տեխնիկա է վաճառում հակամարտող կողմերին: Ռուսաստանի վերջին ժամանակների քաղաքականությանը նայելիս, թվում է թե նրանք ստատուս քվոյի կողմնակից են: Սա նշանակում է շարունակել պահպանել սառեցված հակամարտության դրությունը: Դա այս երկրներին հետ է պահում տարածաշրջանում միմյանց և Եվրամիության հետ համագործակցությունից՝ ինչը թվում է, թե Ռուսաստանի նպատակներից մեկն է»: Վերլուծաբանների կարծիքով, հակամարտության միակ լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից փոխզիջումների միջոցով համաձայնության գալն է։ Հակառակ դեպքում իրադարձությունների նման զարգացումը կարող է տանել հակամարտության նոր բռնկումների: Ամերիկայի ձայն