Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ակադեմիկոսներին պտղաբեր ջանքեր մաղթեց
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին այսօր նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին շփման գծում զոհված զինվորների հիշատակը: Այնուհետեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը փոխանցեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն՝ ակադեմիկոսներին մաղթելով, որ «պտղաբերեն նրանց ազգանվեր ջանքերը՝ ի շահ մեր հայրենիքի ու ազգի»: Բացման խոսքով հանդես եկավ նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահեցնելով, որ կառավարությունը ականջալուր է լինելու ԳԱԱ կողմից առաջադրված ողջամիտ բոլոր խնդիրներին: ԳԱԱ 2015թ. գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ մասնավորապես նշելով, որ մտադիր են ԳԱԱ շրջանակներում ստեղծել մի մարմին, որը կհամակարգի գիտական ստորաբաժանումներում ստացած բոլոր արդյունքները, որոնք կարող են կիրառվել երկրի պաշտպանության, ռազմաարդյունաբերության ասպարեզում: Ի դեպ, 2016թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված է 60 ակադեմիկոս եւ 59 թղթակից անդամ: ԳԱԱ աշխատողների թիվը 4086 է, որից 2451-ը գիտական աշխատողներ են: