Հայ ընտրողից կվերցնեն մատնահետքեր (տեսանյութ)
Ընտրությունների ժամանակ մատնահետքերի կիրառման համակարգը ներդրվելու է, -4+4+4 ֆորմատի ուրբաթօրյա քննարկումների ժամանակ տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը. «Յուրաքանչյուր ընտրող քվեարկելու պահին թողնում է իր մատնահետքը, եւ մատնահետքերը պետք է քվեարկությունից հետո հավաքվեն ողջ հանրապետությունից եւ ծրագրային ապահովման միջոցով համեմատվեն, որպեսզի բացահայտվի՝ այդ մատնահետքերը կրկնվե՞լ են արդյոք»։ Սա ընդդիմության 5 առաջարկներից միակ ընդունված կետը չէ, կա նաեւ քվեարկությունից հետո ընտրացուցակների տրամադրումը վստահված անձանց ու դիտորդներին, բայց ոչ պաշտոնական փաստաթղթի տեսքով. «Համարեն անհրաժեշտ ստանալու դա ենթադրենք 100 տեղամասի վերաբերյալ, կստանան 100 տեղամասի վերաբերյալ, համարեն անհրաժեշտ մի տեղամասի վերաբերյալ, կստանան մի տեղամասի վերաբերյալ»,- ասում է Դավիթ Հարությունյանը։ Ամեն ինչ կարծես գնում էր կոնսենսուսի կայացման ճանապարհով։ Սակայն ընդդիմության եւ քաղհասարակության համար ընտրացուցակների հրապարակումը սկզբունքային է եւ Դավիթ Հարությունյանի առաջարկը լուծում չէ կեղծիքների դեմ. «Ընենց չի, որ հիմա մենք համաձայնվեցինք, բան ա, որ էս ցուցակները ինչ-որ կերպ հասանելի են, դրանից հետո ոչ մեկը տեղամասում լրագրող չի լինելու, դիտորդ չի լինելու, վստահված անձ չի լինելու, լույսերը հանգցնելու ենք»,- նշեց Հրայր Թովմասյանը։ Դավիթ Հարությունյանն ավելին է ասում՝ ինչ-որ մեկի փոխարեն արված քվեարկության մասին սովորական թղթի վրա արված քաղվածքները նույնպես կարող են ներկայացվել դատարան, որպես ապացույց, դա պարզապես թուղթ չէ. «Դու դա կարող ես օգտագործել որպես ապացույց։ Որովհետեւ ապացույցը ոչ թե թղթի կտորն է, այլ ապացույցը քո հայտարարությունն է, որ համար էսինչ-էսինչը քվեարկել է։ -Հա, բայց դա նախատեսված է նախագծում»։ Ընդդիմությունը եւ քաղհասարակությունը հայտարարում է՝ սպասելիքները չկայացան, իշխանության կատարած զիջումները բացարձակապես չեն բավարարում՝ ոչ ընդդիմությանը, ոչ էլ քաղաքացիական հասարակությանը «Այս ձեւաչափով բանակցությունները չտվեցին այն արդյունքը, որին ուղղված էին։ Այսինքն, կոնսենսուս չկայացավ», -ասում է Լեւոն Զուրաբյանը։ Եթե իշխանության կողմից որեւէ պատրաստակամություն լինի լուրջ զիջումների գնալ, ընդդիմությունը եւ քաղհասարակությունը պատրաստ են վերսկսել քննարկումները։ Դավիթ Հարությունյանն այս ֆորմատի ձախողումն ամփոփեց հետեւյալ նախադասությամբ՝ ի սկզբանէ եկել էիք մեր հետ չհամաձայնվելու տրամադրվածությամբ։