Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբոսաշրջիկները հրաժարվել են այցելել Արցախ (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Artak-Grigoryan

Քառօրյա պատերազմը բացասաբար է անդրադարձել  Ղարաբաղ այցելելու ցանկություն ունեցող զբոսաշրջիկների վրա: Տուրիստական ընկերության  տնօրեն Սյուզաննա Մալխասյանը  պատմում է, որ  մինչ ապրիլմեկյան իրադարձությունները նախատեսված էր  ՌԴ-ից 50 հոգանոց զբոսաշրջիկների այց Հայաստան, այդ թվում նաև մի քանի օրյա այցելություն  դեպի Արցախ, որը , սակայն չեղարկվել է: «Միակ պատճառաբանությունը Ղարաբաղում ստեղծված իրավիճակն էր, ինչպես նաև սոցկայքերում  անընդմեջ շրջանառվող լուրերը՝ կապված այնտեղի իրավիճակի նկարագրման հետ և այս պատճառով, իհարկե, այցելությունը  չեղարկվեց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սյուզաննա  Մալխասյանը: Մինչդեռ, վերջինիս  հավաստմամբ՝ նախկինում նման խնդիրներ չեն ունեցել: Հակառակը՝ Հայաստան  եկած  ցանկացած զբոսաշրջիկ պարտադիր այցելել է նաև Արցախ: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչը ևս մտավախություն ունի , որ ռազմական գործողությունները բացասաբար են անդրադառնալու զբոսաշրջիկների թվի վրա: Նրա խոսքերով՝ թեև  Արցախում դեռ նոր է բացվում տուրիստական  սեզոնը և վիճակագրական տվյալների  մասին խոսելը դեռևս վաղ է, այդուհանդերձ, Արցախի  դրական հեղինակությունը որոշ առումներով  կփոխվի: «Այս քառօրյա պատերազմը ազդել է հենց Արցախի, որպես զբոսաշրջային  ուղղություն դրական իմիջի վրա: Դրա համար ենք մենք մտահոգված, որ կարող է ինչ-որ նվազում լինի, բայց  գնահատականներ տալու համար  դեռ վաղ է: Կփորձենք մինչև ամառվա սկիզբ հասկանալ ինչ է կատարվում ընդհանրապես Արցախում զբոսաշրջության հետ»,- մեզ հետ զրույցում նշեց Արտակ Գրիգորյանը: Վերջինս նաև հավելում է, որ 2015թ-ին ունեցել են  մոտ 15 %  օտարերկրյա զբոսաշրջիկների աճ, իսկ Արցախ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ 55 %-ը  ՌԴ-ից է: «Առաջին  հնգյակի մեջ մտնում են  ՌԴ, Ֆրանսիան , ԱՄՆ-ն , Վրաստանը  և 2014թ-ին նաև բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ կային Ուկրաինայից»,-տեղեկացրեց Արտակ Գրիգորյանը: Իսկ  հանարվո՞ր է, որ  ապրիլմեկյան իրադարձությունները  զբոսաշրջիկների այցելության համար խթան հանդիսանան: Հարցին ի պատասխան Արտակ Գրիգորյանը շեշտեց. «Իհարկե, կա նման զբոսաշրջության ձև,  դա ռազմապատմական զբոսաշրջությունն է, որը, իհարկե, տեղ ունի զարգանալու: Բայց  չեմ կարծում, որ տեղեկատվական այս  ֆոնը, որ ստեղծվել է Ղարաբաղի շուրջ և ընդհանրապես այս  տարածաշրջանի շուրջ՝ ինչ-որ դրական միտումներ կունենա»: Ապրիլի 15-17-ը Երևան էքսպո կենտրոնում  տեղի ունեցավ  «Ին-տուր 2016»  3-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի և Արցախի, այնպես էլ Եգիպտոսի, Իսրայելի, Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների տուրիստական կազմակերպություններ: Ցուցահանդեսին Արցախը մասնակցում էր 2-րդ անգամ: