Քար լռություն՝ Լևոն Հայրապետյանի հարցում
«Ազատություն Լեւոն Հայրապետյանին» նախաձեռնությունը վաղը ԱԳՆ-ին եւ ՌԴ դեսպանատուն նամակներ կհանձնի՝ պահանջելով արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ եւ տարբեր խողովակներով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: «Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ողջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին, սակայն իշխանությունները՝ մասնավորապես Արտաքին Գործերի նախարարությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը քար լռություն են պահպանում»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի դատարանը հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին մեղավոր ճանաչեց 700 հազար դոլար յուրացնելու մեջ և դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Դատարանը ապացուցված է համարել, որ Լեւոն Հայրապետյանը խարդախությամբ 700 հազար դոլար է յուրացրել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից՝ խոստանալով աջակցել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը, մինչդեռ դատավճռի վրա ազդելու լծակներ չի ունեցել:Մեղադրողը միջնորդել էր հայազգի բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Լեւոն Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ուներ, այդ իսկ պատճառով նրա խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխվել էր տնային կալանքով: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Լեւոն Հայրապետյանը 4 ինսուլտ եւ սրտամկանի երկու ինֆարկտ է տարել, տառապում է քաղցկեղով: Սակայն ապրիլի 15-ին նրան տեղափոխել են այնպիսի բանտախուց, որտեղ տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: