«Այդ մարդը քվեարկողների հետ մտնում է քվեախցիկ, իրենց տեղն էլ քվեարկում» (տեսանյութ)
Հրազդանի թիվ 25/01 ընտրատեղամասում կեսօրին ընտրություն է կատարել քաղքապետի թեկնածու, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը քվեարկել է հանուն Հրազդանի վերածննդի, քանի որ քաղաքն այսօր հենց դրա կարիքն ունի. «Մեր քաղաքը բարեփոխելու կարիք ունի: Դա Հրազդանի համար կարեւոր հրամայական է»: Նրա տեղեկացմամբ՝ մի քանի ընտրատեղամասերում խնդիրներ էին առաջացել. «Բոլոր 28 ընտրատեղամասերում ունենք վստահված անձինք ու հանձնաժողովի անդամներ, եւ մենք կարողացել ենք կանխել այն ամենը, ինչ օրենքից դուրս է, օրինակ՝ կուտակումներ 25/01, 25/19 ընտրատեղամասերում: Այս բոլոր տեղերում օպերատիվ արձագանքել ենք: Ես՝ որպես թեկնածու, անելու եմ ամեն ինչ, որ Հրազդանում ընտրություններն անցնեն օրենքի շրջանակներում»: Նա նաեւ նշեց, որ մի ընտրատեղամասում էլ մի մարդ մի քանի հոգու փորձել է օգնել՝ քվեարկելու. «Մեր բոլոր վստահված անձանց զգուշացրել ենք, որ նույն մարդը մի քանի հոգու իրավունք չունի օգնելու, քանի որ դա խախտում է: Գնում է այդ մարդը, քվեարկողների հետ մտնում է քվեախցիկ, դեռ մի հատ էլ այդ մարդու տեղն էլ քվեարկում»: Արթուր Միսակյանի խոսքերով՝ բոլոր այս տեղերում արձանագրություն է կազմվել ու տեղյակ պահվել իրավապահ մարմիններին: