Կոչ երիտասարդներին՝ մեկնել Արցախ աշխատանքի
Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն օրերս հայտարարություն էր տարածել, որ Արցախում հսկայական դաշտ է բացվել կամավորական աշխատանքի համար, որից Հայաստանում բնակվող մարդիկ կարող են օգտվել: «Ա1+»-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ հատկապես ուսանողներն այս օրերին կարող են գնալ Արցախ եւ օգտակար լինել ինչպես իրենց, այնպես էլ արցախցիներին. «Այս իրավիճակից ելնելով՝ օտար լեզվի, քաղաքագիտության, հոգեբանության եւ այլ ֆակուլտետների ուսանողները կարող են իրենց օգնությունը ցույց տալ՝ թարգմանություններ անել, հարցազրույցներ վարել, վերլուծություններ կազմել, ինչպես նաեւ՝ հոգեբանական աշխատանք տանել տարհանվածների հետ: Դա իրենց համար կլինի նաեւ պրակտիկա»,-նշեց նա: Հայկ Խանումյանն այդ նպատակով առաջարկում է ուսանողներին դիմել իրենց բուհերին եւ տարբեր հիմնադրամների՝ կրթաթոշակներ ստանալու համար: Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ Արցախի իշխանությունները որեւէ կերպ աջակցեն կամավորներին այդ հարցում, պատգամավորը պատասխանեց. «Արտակարգ իրավիճակի միջով անցանք, եւ իշխանությունները, պետական գերատեսչություններն այս պահին զբաղված են միանգամայն այլ հարցերով: Ես ինքս ժամանակին կամավորական աշխատանքով եմ զբաղվել եւ միշտ գտել եմ օժանդակություն տարբեր հիմնադրամներից»: