Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ հարցը ԵԽԽՎ օրակարգում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira

Ապրիլի 18-ին մեկնարկող  ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում հայ պատվիրակները  բարձրաձայնելու են Ադրբեջանի հանցանքի մասին։ «Ադրբեջանի կողմից այնպիսի հանցագործություններ են կատարվել, որ այդ փաստերի մեկ տոկոսն անգամ բավարար է, որ միջազգային հանրությունը իրեն չդնի հայտնի կենդանու տեղ: Փաստերն ավելի քան բավարար են՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելուն»,- շեշտում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանի խոսքերով՝ ադրբեջանական վայրագությունները վկայող նկարները չեն հրապարակի ԵԽԽՎ նիստում, սակայն դրանք առաջին հերթին կտեսնի Մարդու իրավունքների հանձնակատարը. «Սա տիպիկ ահաբեկչական պետության ձեռագիր է: Մարդկային սթափ տրամաբանության մեջ հնարավոր չէ պատկերացնել, որ հնարավոր է որեւէ հոմոսապիենս անկախ իր խանգարվածության աստիճանից նման գազանությունների ընդունակ լինի»: Այս քննարկման արդյունքում ԵԽԽՎ-ն ոչ բանաձեւ կընդունի, ոչ էլ հայտարարություն. «Ինձ էստեղ հետաքրքրում է՝ միջազգային կառույցները, այն կառույցները, որոնք իրավասու են Ադրբեջանին ճանաչել որպես ռազմական հանցագործ, իրենց շահերը վեր կդասե՞ն ճշմարտությունից, թե ոչ»: Տիկին Զոհրաբյանն իր ելույթում բարձրացնելու է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի պաշտոնավարության նպատակահարմարության խնդիրը. «Երբ նա ՀՀ-ին ճանաչում է ագրեսոր, ընդամենը կատարում է Ալիեւի մամուլի խոսնակի պարտավորությունը՝ տարածելով ապատեղեկատվություն, թե Ադրբեջանը միակողմանի հրադադարի է անցել, ես իրավունք ունեմ ԵԽԽՎ պատգամավորներին հարց ուղղել՝ իրենք Ալիեւի մամուլի խոսնակին ընտրե՞լ են ԵԽԽՎ նախագահ, թե ոչ: Երբ իմ հարցադրմանը կպատասխանեն, որ ընտրել են, այդ ժամանակ դա այլ քննարկման խնդիր կլինի»: Ըստ նրա՝ վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից կատարած վայրագությունները այնքան ակնհայտ են, որ հատուկ դիտավորություն է պետք միջազգային հանրությունը դրսեւորի՝ այդ ամենը ռազմական հանցագործություն չորակելու համար: Ի դեպ, հայկական պատվիրակությունն այս անգամ Ստրասբուրգ կմեկնի առանց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի, որը անձնական պատճառներով չի կարողանա մասնակցել: