Կորյուն Նահապետյանը ռուսներին անհարմար վիճակի մեջ դրեց. Առավոտ
Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստն էր: Ուշագրավ է, որ սովորաբար ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր պատգամավորները խոսում են ռուսերեն: Այսօր աշխատանքային լեզուն ԱԺ-ում հայերենն էր՝ ռուսերեն թարգմանությամբ: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բավականին կոշտ ողջույնի խոսք ասաց ու, ըստ էության, ռուս պատգամավորներին հստակ վերաբերմունք ցույց տվեց: Նա նախ առաջարկեց ոտքի կանգնել եւ 1 րոպե լռությամբ հարգել Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակը: Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ «Ինչպես գիտեք, ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորված լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացրել ԼՂՀ-ի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են զինուժ, ծանր հրետանի եւ զրահատեխնիկա, այդ թվում նաեւ՝ ՌԴ-ից ձեռք բերված Սմերչ եւ ՏՕՍ-1 համակարգեր: 94-ի զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չէին իրականացվել: Ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ ժողովրդի նկատմամբ ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ՝ ամբողջ տարածաշրջանի համար: Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանի՝ հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով հարձակողական սպառազինության մեծաքանակ ձեռքբերումը, պաշտոնական մակարդակով ուժի կիրառման սպառնալիքները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը: Թեեւ ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետեր, նռնականետեր եւ դիպուկահարներ»: Նա առաջարկեց միասին այցելել ԼՂՀ, որտեղ անձամբ կտեսնեն քառօրյա պատերազմի թողած հետքերը եւ կլսեն շարունակվող կրակահերթերի ձայները: Ամբողջական հոդվածը՝ այստեղ