«Եթե Հայաստանը փլվի, կփլվի նաև իշխանությունների գլխին» (տեսանյութ)
Հոգեբան Սամվել Խուդոյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հասարակության հոգեվիճակը բաժանում է մի քանի փուլերի. «Առաջին փուլում մեզ մոտ տագնապ էր, անորոշություն, կար ինֆորմացիայի պակաս: Երկրորդ փուլը ես կանվանեի ոգեւորության, մոբիլիզացիայի փուլ, իսկ երրորդը՝ դժգոհությունների, որը պայմանավորված է զոհերի մեծ թվով, որոշ չափով նաեւ կոռուպցիայի մասին հայտարարություններով: Կարծում եմ՝ իշխանությունների աչքերն էլ բացվեցին այս վերջինի հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանը՝ հայտարարելով, որ այժմ մեր հասարակության մոտ կրկին անորոշ վիճակ է, երբ չգիտեն՝ պատերազմ կսկսվի՞, թե՞ ոչ: Ասուլիսին ներկա՝ բանաստեղծ Մարինե Պետրոսյանի կարծիքով էլ՝ այն, ինչ տեղի ունեցավ, կայծակնային պատերազմ էր: Նա նշեց, որ հասարակության մեջ հենց առաջին օրն իսկ զարթոնք եղավ, քանի որ բոլորը համոզված էին, որ 18-20 տարեկան տղաները չեն կարող կռվել. «Հասարակության մեջ կարծիք կար, որ եթե Ղարաբաղում պատերազմ լինի, ոչ ոք չի գնա եւ չի կռվի, բայց տեղի ունեցավ հակառակը; Այսօր որոշիչ փուլ է, բոլորը հասկանում են, որ Հայաստանում փոփոխություն պետք է լինի, եւ այդ փոփոխությունը պետք է լինի քաղաքական ռեֆորմի տեսքով» ,-ասաց նա: Բանաստեղծի խոսքով՝ չորսօրյա ռազմական գործողությունները պայմանավորված են Իլհամ Ալիեւի ներքին խնդիրներով. «Ադրբեջանում նավթի պաշարները սպառվում են, նաեւ նավթի գինն է իջել: Ալիեւը առաջիկա մի քանի տարում կփորձի Հայաստանի հարցերը լուծել, տարածքներ գրավել: Առաջիկա մի քանի տարին կենաց-մահու կռիվ է լինելու մեզ համար: Չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները սա չեն հասկանում: Չէ՞ որ եթե Հայաստանը փլվի, նրանց գլխին էլ է փլվելու»,- եզրափակեց նա: