Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող էինք խուսափել այդքան զոհերից՝ բյուջեն արդյունավետ ծախսելով» (տեսանյութ)

Քաղաքականություն
t7mteLm2nOY

Տնտեսագետ Հայկ Գևորգյանի հետ զրուցել ենք մեր բյուջեի հնարավորությունների ու մսխումների մասին։ Նրա խոսքն ամբողջությամբ՝ ստորև։ «Որքան զարգանում է աշխարհը, այնքան թանկանում է պատերազմը, թանկանում է երկրի անվտանգությունը, դա շատ թանկ հաճույք է: Մինչեւ հիմա իշխանությունը մատների արանքով է նայել անվտանգության ֆինանսավորման հարցին: Անընդհատ խոսվել է Հայաստանի անվտանգությունը մեծացնելու մասին, խորացնելու մասին, բայց գործնականում լուրջ քայլեր չեն արվել։ Եվ դա բերել է նրան, որ մեր բանակը տեխնիկապես էականորեն զիջում է իր հակառակորդին. դա ուղղակի սպառնալիք է երկրի անվտանգության համար։ Կա երկու խնդիր լուծելու հիմա. Նախ՝ եղած ռեսուրսները արդյունավետ կառավարել եւ այնպես անել, որ ռեսուրսները մեծանան,այսինքն` տնտեսությունը զարգանա, որպեսզի կարողանա ֆինանսավորել, լրացուցիչ ֆինանսներ ուղղել երկրի անվտանգությանը։ Մեր պետական բյուջեի կառուցվածքը սարսափելի է, մենք ունենք ահռելի բյուրոկրատական ապարատ, այսինքն` բյուջեի ուսերին նստած մի ահռելի բանակ, որն ուղղակի փող է ստանում։ Մտեք ցանկացած գերատեսչություն, համայնքային կառույց, կտեսնեք մեծ թվով պարապ մարդիկ, այդ պարապ մարդիկ փող են ստանում պետական բյուջեից, այսինքն՝ պետբյուջեն ծախսվում է խիստ անարդյունավետ։ Հետո նայեք մեքենաներին. մենք տարեկան հսկայական միջոցներ ծախսում ենք այդ մեքենաների համար ու դրանք սպասարկելու համար  3-րդ 4-րդ կարգի չինովնիկներին: Ի դեպ, Դանիայում ընդամենը 24 ծառայողական մեքենա կա, Հայաստանում այդ մեքենաների թիվը 1100 է։ Դա սարսափելի վիճակ է։ Մյուսը բյուջեի կատարած կապիտալ ծախսերն են, կա երկու ցայտուն օրինակ. մեկը Դիլիջանի ԿԲ ուսումնական կենտրոնն է, մյուսը՝ Դիլիջանի ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնը, ընդհանուր դրանց վրա ծախսվել է 220 մլն դոլար: Շատ պարզ հաշվարկներով եւ ուսումնասիրելով նոր զինատեսակների գները՝ կարելի է պնդել , որ 220 մլն դոլարը էապես կփոխեր մեր բանակի  վիճակը։ Հիշեցնեմ, որ մեր երկիրը քրտնաջան  բանակցություններից հետո ընդամենը 200 մլն դոլարի վարկ է ստացել Ռուսաստանից, որպեսզի վերազինի բանակը, այդ վարկի կարիքը չկար, կարելի էր ուղղակի արդյունավետ ծախսել գումարները։ Կամ 220 մլն-ը ուսումնական կենտրոնների վրա ծախսած, եթե ուղղեինք սպառազինությանը եւ լրացուցիչ այդ 200 մլնն էլ ստանայինք, կստացվեր, որ  մենք կունենայինք եթե ոչ առավել, ապա գոնե հավասար զինտեխնիկա Ադրբեջանի հետ: Ես խիստ կասկածում եմ, որ եթե Ադրբեջանը իմանար, որ մենք ունենք հավասար զինտեխնիկա, կփորձեր քիթը մտցնել Ղարաբաղ: Այսինքն՝ կարելի է հիմնավորել այն պնդումը, որ եթե հակառակորդը գիտի, որ դու իրեն գերազանցում ես եւ հոգով եւ  տեխնիկայով, ապա նա 1000 անգամ կմտածեր՝ սկսե՞ր այդ  գործողությունը, թե՞ չէ։ Հիմա Ադրբեջանը գնաց այդ քայլին, քանի որ մտածում էր ուժեղ է, ճիշտ է քիթը տրորվեց, բայց ի՞նչ գնով, մենք ունեցանք զոհեր, կարող էինք խուսափել դրանից ընդամենը բյուջեի միջոցները արդյունավետ ծախսելու միջոցով»։