Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասարակությունը սպասում է Սերժ Սարգսյանի ուղերձին (տեսանյութ)

Քաղաքականություն
diana-nkar-Anahit-Baxshyan

«Մենք տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ Ադրբեջանն ուզում է խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով, բայց դրանով հանդերձ մենք չէինք իրականացնում համապատասխան քայլեր՝ մեր բանակի արդիականացման և հզորացման առումով, որպեսզի հանկարծակի հարձակումը բացառվեր: Ի՞նչ է նշանակում 21-րդ դարում հանկարծակի հարձակում: Ինչո՞ւ մենք չպետք է ունենայինք այն գերժամանակակից սարքավորումները, որ հանկարծակի հարձակումն անհնարին լիներ: Թե ֆինանսական և թե մտավոր այսպիսի  ներուժ ունեցող ժողովրդի համար դա աններելի է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը՝ խոսելով քառօրյա պատերազմից ստացած դասերի և ստեղծված իրավիճակի մասին: Վերջինս ափսոսանքով նկատեց, որ այսքան զոհեր ունենալով հանդերձ՝ տարածքային առաջխաղացում չունենք: «Լեոնիդ Ազգալդյանի ջոկատը 2 տարում 26 բնակավայր ազատագրելով՝ ունեցավ 6 զոհ, իսկ հիմա մենք այսքան երիտասարդներ կորցրեցինք»,-ասաց նա: «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ  երկրի յուրաքանչյուր քայլի համար այսօր իշխանությունն է  պատասխանատու: «Այսօր հասարակությունը սպասում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր 25 տարվա  մեջ դարձել են միլիոնատերեր ՝ անհասկանալի ճանապարհներով, իրենք պետք է բոլորը պատասխան տան և այդ գումարները պիտի վերադառնա երկրի սպառազինության, զինվորականների ընտանիքների, բանակի և այլնի համար»,-շեշտեց տիկին Բախշյանը: Վերջինս նաև հավելեց, որ այն օլիգարխները, որոնք դիզել են իրենց հարստությունները՝ ամեն մեկը պետք է զոհված զինվորների ընտանիքի կյանքը իրենց դոլարների հաշվին ապահովի, քանզի նրանց որդիները գնացին և կռվեցին նաև նրանց տղաների փոխարեն: Իսկ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը հարց ուներ Սերժ Սարգսյանին. «Ուզում եմ հարցնել նախագահին, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք հանկարծակի հայտնվեցինք այս իրավիճակում: Նրան խաբել են՝ զեկուցելով, թե մենք զենք ու զորք ունենք: Քնած երեխաների վրա հարձակվում են՝ բա ո՞ւր է հետախուզությունը: Այդ ո՞վ է ասել, որ մենք հաղթեցինք, այդ ինչո՞ւ եք այդպես տարածում: Մենք չպարտվեցինք, իսկ դա դեռ հաղթանակ չէ : Եթե այդքան զոհեր տվեցինք, ու դա համարվում է հաղթանակ, ամոթ է»,-ասաց նա: Ֆերդինանդ Առաքելյանը նաև մի դեպք պատմեց. «Ամիսներ  առաջ Սեյրան Օհանյանի կողքը նստած էի: Նրան մի հարց տվեցի, ասեցի՝ դուք  չե՞ք սպասում այդ վտանգին, նա ինձ պատասխանեց՝ կարծում եմ, որ նրանք այնքան խոհեմություն կունենան, որ..... Չհասկացա, թուրքը՝ խոհեմությո՞ւն: Բա չե՞ք մտածում, որ հանկարծ ու չունենան այդ խոհեմությունը, բա ի՞նչ է լինելու: Չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք մուսուլմանների հետ, որոնք ոչ մի սրբություն չունեն»,-ասաց նա: Այս համատեքստում տիկին Բախշյանն էլ ասաց, որ այսօր հասարակությունը սպասում է Սերժ  Սարգսյանի ելույթին, ժողովրդին, մեր հասարակությանը  ուղղված ուղերձի՝ թե հիմա ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, ո՞ւր գնանք և ինչպե՞ս խուսափենք այս ամենի կրկնությունից: Մանրամասները՝ տեսանյութում