Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք կարիք ունենք ավելի նպատակային ծախսեր անել. Շարմազանով

Քաղաքականություն
Eduard-Sharmazanov1

Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե  հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով՝ մեսիջ է Ադրբեջանի իշխանություններին, համոզված է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Դրա նպատակը մեկն էր՝ ցույց տալ աշխարհին, որ հայ զինվորը 80-ականների զենքով հաղթել է Ադրբեջանին, որը այս տարիների ընթացքում սպառազինվել է: Իսկ ռազմական առումով՝ հանգիստ եղեք, ամեն ինչ ասել են մեր զինվորական  պաշտոնյանները, ես իրավունք չունեմ դրա մասին խոսելու»: «Ա1+»-ի հարցին, թե արդյոք չէի՞ն կարող հայ օլիգարխներն ու պաշտոնյաները մի քանի օբյեկտ ու տուն քիչ կառուցել եւ այդ գումարները տրամադրել բանակին՝ նորագույն զինամթերք գնելու համար, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ ուզում ծայրահեղ գնահատականների գիրկը ընկնել, բայց շատ հարցերում վերանայել դիրքորոշումներ պետք է: Մենք կարիք ունենք ավելի նպատակային ծախսեր անել: Ես ԱԺ-ում էլ եմ ասել, մենք բյուջեի քննարկման ժամանակ շատ ավելի ուշադիր պետք է լինենք պաշտպանական ծախսերին: Եթե ինչ-որ բան շռայլություն է, ապա դա չպետք է մեզ թույլ տանք եւ այդ շռայլությունը ուղղենք սահմանապահ գոտիներ, սահմանամերձ համայնքներ, ավելի մեծ ներդրումներ անենք բանակում: Վերանայման խնդիրներ կան, իհարկե»: Այդ սխալները, ըստ Շարմազանովի, կուղղվեն միայն այն ժամանակ, երբ որ բոլորը առաջին հերթին տեսնեն իրենց սխալները, ոչ թե դիմացինինը. «Քանի դեռ մենք առաջին հերթին տեսնում ենք միայն ուրիշի սխալները, դեռ պրոբլեմներ կան»: Խոսելով նախօրեին տեղի ունեցած Լեւոն Տեր-Պետրոսյան- Սերժ Սարգսյան հանդիպման մասին, ՀՀԿ խոսնակն ասաց, որ առաջին նախագահի մոտեցումը պետական մտածողության ցայտուն օրինակ էր: Էդուարդ Շարմազանովը առաջին նախագահին բազմիցս անվանել է քաղաքական թոշակառու.  հարցին, թե փոխվե՞լ է արդյոք նրա վերաբերմունքը, նա պատասխանեց. «Իմ կարծիքը ես հայտնել եմ կոնկրետ գործողության վերաբերյալ, ես անձին չեմ գնահատել: Ես շատ փոքր մարդ եմ, որ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահին գնահատական տամ»: