Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքականությունը սիրո տեղ չէ, Պուտինը պարտավոր չէ մեզ սիրել» (տեսանյութ)

Քաղաքականություն
NQMKAlfEUOE

Հողը պահպանելու համար պետք է արյուն, որ հարազատանա, քրտինք, որ բարիք տա: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով շփման գծում ադրբեջանական ագրեսիային՝ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը. «Ամեն ինչով պետք է մեր հողը պահենք, ավելինը դիվանագիտություն է: Պատերազմի չորս օրերը ապացուցեցին, որ թշնամին միշտ թշնամի է մնում. լավագույն թշնամին սատկած թշնամին է, որին պետք է սահմանից հեռացնենք»: Նա պատմեց, որ մի քանի օր առաջ Մատաղիսում էր ու հանդիպել է գնդի զինվորների հետ. «Մեզ առաջնորդողը ոգին է, սակայն այն պետք է ամրապնդվի զինատեսակներով: Խոսում ենք անօդաչու ինքնաթիռների մասին, սակայն նրանց չտեսանք թռիչքի մեջ, որ գնահատենք: Բոլոր զինվորներն այնպես էին գնում սահմանի գլխին կանգնելու, կարծես՝ հարսանիք գնալուց լինեն՝ ամբոխները խելագարված, ինչպես կասեր Չարենցը: Այդ ոգեղենությունը կար նրանց մեջ: Այս ճակատագրական պահը եկավ ցույց տալու մեր ժողովրդի միասնականությունը՝ մի կողմ թողնելով բոլոր հակասությունները»: Ըստ գրականագետի՝ այս գործողությունները պետք է հանգեցնեն նրան, որ մենք պետք է ունենանք ազգային ծրագիր, ու դա պետք է միացնի մեզ: Կարծում եմ՝ ունեւորության տուրք պետք է տանք ամեն մեկս մեր չափով պատերազմի ժամանակ՝ հատկապես զենք առնելու համար: Մեր հայրենասիրական դաստիարակությունը շատ թուլացել է: Առաջարկում եմ, որ հեռուստահաղորդում նվիրվի մատաղ սերնդի դաստիարակությանը»: Մյուս բանախոս Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կարծիքով՝ մենք երկու իրողության առաջ ենք՝ այն, ինչ տեղի ունեցավ ու այն, ինչ դրա շարունակությունը պետք է լինի. «Այն խոսակցությունները, թե մենք՝ որպես ազգ, չենք ձեւավորվել, այս օրերը դրա հակառակը ապացուցեց. մեծից փոքր հայրենիքը մնում է սրբությունը: Փորձեցին այլասերել մեր երիտասարդներին՝ մեր աղջիկներին ազատամտություն սերմանել, կարմիր խնձորի գաղափարը թաղել ու այլասերել հայ կնոջ կերպարը, սակայն դա նրանց չհաջողվեց: Հայ մարդը հասկացավ, որ միայն ֆիզիկականով հնարավոր չէ ազգությունը գոյատեւել, քանի որ միայն ֆիզիկականը անասնականն է: Մեր հոգեւոր ներաշխարհի տաճարը քանդվեց այս օրերին ու ազգային վեհ գաղափարի տաճարը կառուցվեց, ինչպես Քրիստոսն ասաց՝ ես կարող եմ այս տաճարը քանդել ու երեք օրում կառուցել»: Ըստ նրա՝ պետք է պատժվեն նրանք, որոնք մսխում են այս երկրի հարստությունը, մի քանի միլիոն դոլարով ասաբնյակներ են կառուցում աշխարհի տարբեր մասերում, երբ մենք կարիքն ունենք զինվելու: Կոմիտաս վարդապետի համոզմամբ՝ առաջնագծում կռվող տղաները շուտով վերադառնալու են տուն, եւ նրանք իրենց անարդարության դեմ իրենց աղաղակը պետք է բարձրացնեն ու լինեն պահանջատեր. «Պուտինը պարտավոր չէ մեզ սիրել, այլ պետք է քո զորացած պահանջները ներկայացնես»: