«Ազդանշան՝ Բաքվի անկման մասին» (տեսանյութ)
«Մենք խոսում ենք նավթային մեղրամիսի ավարտի մասին»,-Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների բացատրությունը սրանում է տեսնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Մի կողմից սոցիալական լարվածությունը, մանաթի արժեզրկումը, մյուսից՝ արտաքին ճակատում առկա խնդիրներն, ըստ նրա՝ պատճառ դարձան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նման արկածախնդրության դրսևորմանը։ «Սա ազդանշան է՝ Բաքվի անկման մասին։ Իրենց երկրում առկա խնդիրների ֆոնին նոր միֆեր, նոր հերոսական պատումներ էր պետք ստեղծել։ Բայց այդ «ցեմենտը» չգործեց, այլ ծեփանի պես թափվեց»։ Պարոն Դեմոյանը վստահ է, որ միայն մեր զինվորների հերոսությամբ հնարավոր եղավ հաղթանակ արձանագրել այս մարտերում։ Իսկ Ադրբեջանը նենգ քայլերի էր դիմել. «Այդ տեղանքում նմանատիպ զինատեսակների կիրառումը վկայեց նրանց չտեսության և ռազմական տգիտության մասին»,-նշեց նա։ Ադրբեջանի Արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցի մասին հարցին բանախոսն արձագանքեց. «CNN հրավիրվելը մեծ պատիվ է նույնիսկ նախագահների համար։ Եվ Մամեդյարովը մտածել էր, թե դա պատիվ է, սակայն հասկացավ, որ դա ծուղակ է»։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների վարած հայատյաց քաղաքականությանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը կարծում է, որ այդ երկրի հասարակության մեջ դրական փոփոխություն կա. «Ադրբեջանական հասարակությունը հասունացել է և տեղեկատվական կեղծ հոսքն այլևս չի ընդունում հալած յուղի տեղ»։ Ստեղծված իրավիճակում պարոն Դեմոյանը հստակ քայլերի անհրաժեշտություն է տեսնում. «ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ։ Ադրբեջանական կողմը պետք է պատիժ կրի։ Իրենց մեկ քայլին պետք է առնվազն հինգ անգամ հակազդեցություն լինի։ Այսպիսին պետք է լինի մեր պատասխանը»։