Քաղաքագետները՝ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպման տողատակերի մասին (տեսանյութ)
Պետք են ճշգրիտ քաղաքական որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են դեպքերի հետագա ընթացքը: Սա քաղաքագետների գնահատականն է Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպմանը: «Այդ հանդիպման տակ բան ման գալ՝ ես հակված չեմ, որովհետև, չնայած բոլոր վարկածներն էլ գոյության իրավունք ունեն, բայց համենայն դեպս, ինքնին, որ նախկին նախագահն ու գործող նախագահը հանդիպում են՝ դա գալիս է ինչ-որ անհրաժեշտությունից: Կար այդ անհրաժեշտությունը, որ երկուստեք եկել են համաձայնության՝ մի կողմ դնելով բոլորին հայտնի տարաձայնությունները, որը եղել է մինչ այժմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քաղաքագետ Հրանտ Մելիք - Շահնազարյանն էլ իր հերթին հավելում է. «Սա դրական երևույթ է: Քաղաքական քննարկման գործընթացների տեսակետից բավականին շահեկան է և, ընդհանրապես, արտահայտում է այն միասնականության մթնոլորտը, որը այսօր ստեղծվել է հայ հասարակության շրջանում՝ կապված արտաքին սպառնալիքի հետ»: Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր բացել է փակագծերը՝ ասելով՝ Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող վտանգին պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ինքը միշտ էլ հանդես է եկել նմանատիպ նախաձեռնություններով: Լևոն Տեր - Պետրոսյանը միաժամանակ նաև շեշտել է, որ բանակցությունների սեղանին Մադրիդյան փաստաթուղթն է, որը պարունակում է թե տարածքների վերադարձմանը և թե խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող հոդվածներ: «Հիմա ձեռնարկվել է նոր և շատ ակտիվ փուլ բանակցային գործընթացի և այս պահին հայկական դիվանագիտությունը ԼՂՀ ճանաչման սպառնալիքը պետք է պահի ուժի մեջ, պետք է դրա մասին բարձրաձայնի: Սակայն, կարծում եմ, որ հայկական դիավանագիտության թիվ մեկ խնդիրը ճանաչումը չէ, այլ թիվ մեկ խնդիրն է ԼՂՀ-ն վերադարձնել բանակցային ֆորմատ, այն ինչ-որ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր որոշմամբ կամ գործարքի արդյունքում դուրս բերվեց»-ընդգծում է Ռուբեն Մեհրաբյանը: Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ ասաց. «Կար բանակցային գործընթաց, որը փոխզիջումային տրամաբանության մեջ էր ընթանում: Հիմա՝ ըստ էության հայկական կողմը շարունակում է մնալ այդ տրամաբանության մեջ , բայց նաև հայտարարում է, որ այդպես վարվելու ռեսուրսը սպառվել է և փաստացի վերջին նախազգուշացումն է տալիս ինչպես Ադրբեջանին, այնպես էլ միջնորդներին»: Մանրամասները՝ տեսանյութում: