Ազատամարտիկը բացել է աչքերն ու սկսել ինքնուրույն շնչել (տեսանյութ)
Գայանե Հայրապետյանը, օրեր առաջ Մարտակերտում սիսիանցիների ավտոբուսի պայթյունի հետեւանքով վիրավորված, ԵԿՄ անդամ Վարազդատ Սիմոնյանի կինն է: Նա այսօր ժպիտով է դուրս եկել ամուսնու մոտից, վերջինս բացել է աչքերն ու սկսել ինքնուրույն շնչել. «Դեռ չի խոսում, բայց ձեռքս սեղմեց, նայեց երեսիս, արդեն ճանաչեց»: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ կրկին մարդաշատ է։ Վոլոդյա Բաշիկյանը եկել է տեսակցելու Ջաբրահիլում վիրավորված Գեւորգ Խուդոյանին, որն իր որդու ծառայակից ընկերն է. «Մի շաբաթ է այստեղ է, վիրահատել են, արդեն լավա զգում իրեն»: Հոսպիտալում գտնվող պայմանագրային զինծառայող Սասուն Միքայելյանի վիճակը, հոր խոսքերով, արդեն բարելավվում է: 38 ամյա զինվորականն արդեն մտածում է դիրքեր վերադառնալու մասին: Այս պահին հոսպիտալում շարունակում են բուժում ստանալ 38 վիրավորներ, ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։ Սակայն բժիշկները հավաստիացնում են՝ դրական տեղաշարժ կա: