Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չծնված հարսնացուները տարան իրենց փեսացուներին

Քաղաքականություն
talis

Ես չեմ ուզում լուսաբանել՝ ինչպես է առաջին գծում զինվորը սպանում կամ ինչպես են սպանում նրան։  Ես չեմ ուզում պատմել, թե ինչպես հերոսացավ Նա ՝ մեն– մենակ կանգնած հակառակորդի դիմաց՝ ոչնչացնելով մի քանի տանկ եւ ուղղաթիռ։

21–րդ դարում, այն էլ չհայտարարված պատերազմի պայմաններում, զինվորը չպետք է միայնակ կռվի, նա պետք է ուղղակի սեղմի մի կոճակ եւ վստահ լինի, որ ինքը չի զոհվելու, քանի որ զինամթերքի ու տեխնիկայի աջակցությունը չի ուշանալու։

Ես չեմ ուզում գրել, թե հերոսաբար զոհվեց, որովհետեւ հակառակորդի գնդակից մեռնելը նրա նպատակներում չի եղել։

Ես չեմ լուսաբանելու՝ ինչպես են բանկերը զրոյականացնում զոհվածների վարկերը, կամ հարկադիր կատարողները Արցախի օգնության հիմնադրամին իրենց մեկ ամսվա աշխատավարձը ուղարկում, այլ պարզելու եմ, թե ինչու հեռանկար ունեցող ֆիզիկոսը հենց այդ վարկի պատճառով դարձավ պայմանագրային զինծառայող, քանի որ այդ աշխատավարձը քիչ թե շատ պետք է օգներ ընտանիք պահել ու վարկը մարել։

Ես չեմ լուսաբանելու խոստումները, այլ  մի քանի  ամիս հետո  գրելու եմ՝  ինչպես են ապրում հերոսների ընտանիքները՝ մենա՞կ իրենց  ցավի հետ, թե կառավարության եւ հասարակության  խոստացված  ձեռքին հենված։

Ես  հասկանում եմ, որ հանուն կայուն խաղաղության  հնարավոր է՝  մի թիզ հող զիջել, բայց տարածքը , որի վրա երազանքներ ունեցող զինվորի արյուն է թափվել, այլեւս սոսկ հողակտոր չէ, այլ հայրենիք, որը չեն զիջում։

Իսկ վերջին հինգ տարվա ընթացքում, միայն  պաշտոնական տվյալներով , հարյուրից ավելի զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից այդ թեկուզ մի  թիզ հողի  համար, մինուճարներ, որոնց ծնողները նրանց լույս աշխարհ բերեցին, որովհետեւ նրանք տղա էին։

Իսկ երբ այդ թվին գումարում ենք նաեւ այս ապրիլյան զոհերին, ապա որոշակիորեն փոխվում է տղա–աղջիկ հարաբերակցությունը, որը հօգուտ տղաների էր՝ սելեկտիվ աբորտների արդյունքում։

Փաստերեն, ծնողների կամքով լույս աշխարհ չեկած աղջիկները տարան իրենց փեսացուներին։

Կարինե Ասատրյան

«Ա1+» ԲԼՈԳ

Հ. Գ Լուսանկարի կակաչը Մարտակերտի շրջանում  է  բացվել, ապրիլի 2-ի գիշերվա արյունոտ  իրադարձություններից  հետո։