«Խաթարված ձևաչափով անհնար է խնդիրը կարգավորել». Բակո Սահակյան (տեսանյութ)
«Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են մեր աշխատանքային առօրյայի մասին, գիտեն, որ մենք չենք սահմանափակվում դասական ծառայողական պարտականությունների կատարմամբ: Մենք սկսում ենք մեր աշխատանքը վաղ առավոտյան և ավարտում ենք ուշ գիշերը: Այդ օրը գտնվելով իմ աշխատասենյակում՝ գիշերը 1 անց 15, քանի որ ունեինք տեղեկություն, որ հակառակորդը իրականացնում է որոշակի շարժ, ես հրավիրել եմ իմ գործընկերներին՝ քննարկելու այդ տեղեկությունը, հրավիրել եմ բանակի հրամանատարին, ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին և մենք քննարկել ենք այդ տեղեկությունը կապված հակառակորդի որոշակի շարժի հետ»,-Ստեփանակերտում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի այն հարցին, թե ապրիլի 1-ից սկսված ռազմական գործողություններից 6 օր անց է նախագահը հայտնվում, իսկ ո՞ւր էր մինչ այդ մինչ այսօր: Շարունակելով հարցի պատասխանը պարոն Սահակյանը հավելեց. «Քանի որ այս վերջին ժամանակաշրջանում մենք գտնվում էինք հակառակորդի կողմից զինադադարի հաճախակի խախտման պայմաններում, այդ տեղեկությունը մենք ընդունել ենք, որպես հակառակորդի կողմից հերթական անգամ ձեռնարկվող գործողություն՝ այդ ժամանակաշրջանին համահունչ և մեր մյուս գործողություններն իրականացրել ենք ընկալելով այդ տեղեկությունը որպես լոկալ հատվածում սպասվող հերթական զարգացում: Հակառակորդը գիշերը ժամը 3-ին սկսելով այդ լայանածավալ հարձակվողական գործողությունները , մեզ հնարավորություն չտվեց օգտագործել մեր բոլոր հնարավորությունները՝ այդ օպերատիվ իրավիճակը գնահատել իբրև լայնածավալ սկսած ռազմական գործողություններ: Այն պահից, երբ ես հայտնվել եմ ՊԲ-ի հրամանատարական կետում , ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ տվել եմ համապատասխան կարգադրություններ, ինչպես նաև տվել եմ հրաման՝ ՊԲ-ի հրամանատարին կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու, նպատակ հետապնդելով՝ նրա կենդանի ուժը և միջոցները ոչնչացնել»: Անդրադառնալով ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ կողմերը մոտ են պայմանավորվածությունների սեղանի շուրջ դրված առաջարկությունների շուրջ համաձայնության գալուն՝ Բակո Սահակյանը շեշտեց. «Ցանկացած առաջարկություն, ցանկացած նախաձեռնություն չի կարող լիարժեքորեն և վերջնականապես լուծվել խաթարված ձևաչափի դեպքում: Խաթարված ձևաչափի պայմաններում անհնար է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում վերջնական լուծման: 1994թ-ի բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշման համաձայն Արցախը հանդիսանում է հակամարտության կողմ և այդ որոշումը մինչ այսօր պահպանում է իր իրավաբանական ուժը: Հետևաբար, անհրաժեշտ է հաշվի առնել այս պարզ ճշմարտությունը և այս վերջին իրադարձությունները կարծում եմ հիմք կհանդիսանան միջազգային հանրության համար Արցախի հանրապետությունը որպես բանակցային լիիրավ կողմ վերականգնելու համար»: ԼՂՀ նախագահի խոսքերով՝ քանի որ միայն Ռուսաստանը չէ, որ որպես միջնորդ է հանդես գալիս, այլև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ առաքելություն է իրականցնում, հետևաբար ԵԱՀԿ-ն շահագրգռված է, որ նման դեպքերում այնպիսի մասնակցություն ունենա, որը կունենա ազդեցություն հակամարտության համար այս կամ այն լուծումները գտնելու առումով: «Բացառություն չէր այս դեպքերի հետ կապված, որ Ռուսաստանը հանդես եկավ իր միջնորդությունն իրականցնելու պատրաստակամությամբ, հետո մենք տեսանք, որ սա ներկայացվեց որպես ընդհանուր Մինսկի խմբի առաջարկություն և նրանց համատեղ գործողություններ»,-շեշտեց Բասկո Սահակյանը՝ խոսելով ռուսաստանի դերակատարության մասին: Վերջինիս խոսքերով՝ երբ դեռ ձևավորված չէր Մինսկի խումբը, առաջին միջնորդական քայլերը իրականցնում էր հենց Ռուսաստանը, և նման դեպքում իրենք նորմալ են համարում այդ ձևաչափում միջնորդների այս կամ այն աշխատանքներն իրականցնելը, հատկապես, որ եթե հայտարարությունները նպաստում են հիմնախնդրի համար լուծում գտնելուն: «Տարբեր խախտումներով, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ հիմնականում պաշտպանվում է պայմանավորվածությունը՝ հրադադարի պահպանման մասին»,-նշեց Բակո Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը: «Ադրբեջանի մշակած օպերացիան չի հաջողվել ի շնորհիվ Արցախի Հանրապետության ԶՈՒ-ի , նրա ժամկետային զինծառայողների , հրամանատարական կազմի, մայր Հայաստանից Արցախ այցելած տարբեր կամավորական ջոկատների, աշխարհի տարբեր երկրներից իրենց նախնիների կանչով արագ արձագանքած և Արցախում հայտնված և միանգամից մարտի մեջ մտած հայ զավակների: Այդ դրսևորումների շնորհիվ է, որ թույլ է տվել կանգնեցնել Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություները: Եթե Ադրբեջանը փորձի նորից խախտի զինադադարի ռեժիմը, ապա մենք իրականացնելու ենք հաջորդ անհրաժեշտ հակահարվածը և դա միշտ լինելու է մեր ռազմավարության հիմքում: Մենք նման հակառակորդի նկատմամբ չենք կարող ունենալ այլ մոտեցում»,- ասուլիսն այս խոսքերով ամփոփեց Բակո Սահակյանը: Մանրամասները՝ տեսանյութում: