Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնսոլիդացիան հաճելի էր ՀՀԿ-ականին (տեսանյութ)

Քաղաքականություն
2310046771423772947

Հանրապետական Գագիկ Մելիքյանը շատ կուզենար, որ հրադադարի ժամանակ էլ ընդդիմությունն անխնա չքննադատեր իշխանությանը, ինչպես պատերազմի օրերին. «Ողջ հայ ազգի կոնսոլիդացիան բոլորին դուր եկավ»,- ասում է նա: Մենք միշտ հաղթող կլինենք, եթե ընդդիմությունն իշխանության հետ լինի,-ասում է պարոն Մելիքյանը: Բայց այդ դեպքում, դիցուք, Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ո՞րն է լինելու ընդդիմության դերը. «Ընտրական օրենսգրքի ժամանակը չէ խոսելու»,- նկատում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Պարոն Մելիքյանի համար արդեն ուժի մեջ մտած հրադադարը շատ է փխրուն, որպեսզի կոնսոլիդիացիան համարվի ավարտված: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անհանգիստ չէ՝ Ընտրական օրենսգրքի քննարկման համար ժամանակ կգտնվի. «Եթե կա ցանկություն իսկապես ունենալ կոնսեսուսային Ընտրական օրենսգիրք, որը հնարավորություն կտա գոնե նեղացնել ընտրակեղծարարության սողանցքները, վստահ եղեք՝ երկու օրն էլ բավական է»: Թեպետ տիկին Զոհրաբյանը պնդում է՝ ընտրակեղծարար չլինելու եւ նորմալ ընտրություններ անելու համար կատարյալ Ընտրական օրենսգիրք պետք չէ, այլ՝ քաղաքական կամք. «Ամեն ինչ պայմանավորել լավ փաստաթղթով, ես էդպես միամիտ չէի լինի: Հատկապես որ կա օրինակ՝ ամենալավ ընտրությունները Հայաստանն անցկացրել է 91 թվականի Խորհրդային Միության խայտառակ ընտրական եւ անիմաստ Ընտրական օրենսգրքով»,- ասում է ԲՀԿ ղեկավարը: Տիկին Զոհրաբյանը 4+4+4 ֆորմատով քննարկումների ժամանակ իշխանությունների մոտ որոշ մղում տեսնում է՝ ինչ-որ բան շտկելու առաջիկա ընտրություններում. «Եվ դա պայմանավորված չէ, որ իրանք որոշեցին շատ էսպես ընդառաջող եւ փոխզիջող դառնալ: Ինչ-ինչ իրավիճակներ բերել են նրան, որ, այո, ես կարծում եմ, իրենք էլ նաեւ հասկանում են, որ էսպես շարունակելը երկիրը տանելու է վերջնական փակուղի»: Տիկին Զոհրաբյանի տպավորությամբ իշխանությունը մասը պահպանելու համար պատրաստ չէ գնալ ամեն ինչ կործանելու ճանապարհով: