Դիերի որոնման և հանձնման պայմանավորվածություն դեռ չկա. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանություններից շփման գծում ռազմական գործողությունների ընթացքում սպանված եւ կորած զինվորներին որոնելու եւ ընտանիքներին վերադարձնելու աշխատանքների վերաբերյալ պաշտոնական հաստատում չի ստացել: Այս մասին « Ա1+» -ի հետ զրույցում ասաց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրա խոսքով՝ լարվածության սրացումից անմիջապես հետո իրենք մասնագետներ են ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «Մենք Ստեփանակերտում ունենք դատաբժշկական փորձագետ, ուղարկել ենք նաեւ համապատասխան տեխնիկա եւ սպասում ենք իշխանությունների արձագանքին»,-ասաց նա: Ինչ վերաբերվում է ռազմական գործողությունների ընթացքում շփման գծին մոտ բնակավայրերից տարհանվածներին, ապա, Զառա Ամատունու խոսքով, դրանց թիվը հանսում է 3000-ի. « Նրանց մեծ մասը տեղ է գտել բարեկամների կամ ընկերների տանը, նաեւ համայնքի օգնությամբ են տարհանվել: Մեր մասնագետները նաեւ ուսումնասիրում են նրանց խնդիրները, կարիքները: Այս պահին կարող ենք ասել, որ նրանք կարիքներ չունեն, սակայն մենք շարունակում ենք ուսումնասիրությունները հետագայի համար, եթե լարված իրավիճակը երկար շարունակվի»,-նշեց նա՝ հավելելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հաշվարկում է նաեւ տարհանված բնակիչների կրած վնասները՝ հնարավորության դեպքում դրանք փոխհատուցելու նպատակով: