Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հրազդան ցեմենտ»-ի նախագիծն այսօր հայտնվեց ԱԺ օրակարգում

Քաղաքականություն
azh

«Հրազդան ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքների զիջման հարցի քննարկմանը ԱԺ-ում այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից՝ ի՞նչ պատճառով է գործարանի սեփականությունը ՎՏԲ բանկին անցել, այլ ոչ թե վաճառվել գործարանին. «Նաեւ նշում եք՝ բանկը 4.6 մլն դրամի ներդրում է անելու գործարանում,  ստացվում է՝ ինքն իրեն վարկ է տալիս ու ինքն իր հիմնարկից տոկոս է ստանալու: Եւ նաեւ՝ ինչո՞ւ այս ռեժիմով այս նախագիծը եկավ ԱԺ ու արտոնյալ կարգավիճակում շատ օրենքներից առաջ հայտնվեց օրակարգում»: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ձեռնարկությունը շուկայական արժեքը չեն կարող տալ, քանի որ այս ընկերության բաժնետոմսերը ազատ շրջանառելի չեն. «Ինչպես նաեւ՝ պետությունը ակտիվների գնահատման իրավասություն չունի: Իսկ ՎՏԲ-ին ոչ թե վաճառվել, այլ անցել են գործարանի բաժնետոմսերը, քանի որ բանկն այն վերցրել է որպես գրավի առարկա, այնուհետեւ՝ պարտավորությունները չկատարելու համար՝ գործարանը փոխանցվել է բանկին: Թե ինչու նախագիծն այս ռեժիմով եկավ ԱԺ, քանի որ այն սկզբունքային կարեւորության հարց է. մենք խնդիր ունենք մեծացնելու ցեմենտի ծավալներն ու արտահանումը: Իսկ բանկը կարող է ստանալ տոկոսներ, քանի որ իր ներդրումը նա ձեւակերպել է որպես վարկ»: Արամ Մանուկյանը նկատեց՝ եթե գործարանին ազատում ենք տույժ-տուգանքներից, դա նշանակում է նրան արտոնություն ենք տալիս. «Այդ նպատակով, պարոն նախարար, դուք պետք է իմանայիք՝ որքա՞ն է այդ ապրանքի գինն ու ինչքան վարկեր է ունեցել: Միգուցե տեսականորեն տասն անգամ էժան է առել ՎՏԲ-ն գործարանը, այս դեպքում, կամ հակառակը: Բա չիմանա՞նք՝ ինչ կարգի ապրանք է ու ինչ գնով է անցել ՎՏԲ-ին»: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությանը հետարքրքիր չէ՝ ո՞վ է սեփականատերը, այլ միայն կարեւոր է այն, որ այս նախագծով աջակցություն է տրվում գործարանին, որն ունի 470 աշխատող, եւ այն տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող գործարան է. «Մենք սեփականատիրոջ ֆինանսական հաշվարկների մեջ չենք ուզում մտնել: Մեր կողմից խնդիրը դրվել է՝ փրկելու այդ ձեռնարկությունը»: