Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ որոշվում է շփման գծում» (տեսանյութ)

Քաղաքականություն
iskandaryan

«Այն, ինչ կատարվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, չի կարելի անվանել պատերազմ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝  պատերազմներն այլ կերպ են սկսվում. «Եթե այս էսկալացիան դիտարկենք պատերազմի տեսանկյունից եւ ենթադրենք, որ հիմքում ոչ թե քաղաքական, այլ ռազմական նպատակներ են, ապա Ադրբեջանը կռմբակոծեր Ստեփանակերտը: Հարվածները կհասցնեին կենտրոնին, ոչ թե սահմանում»: Քաղաքագետի խոսքով՝ սահմանին լարվածությունը երկար չի տեւի, սակայն դրա կասեցման գործում միջազգային հանրությունը որեւէ դեր չի ունենա. «Այն, ինչ որոշվում է, որոշվում է շփման գծում: Մինսկի խումբը կհավաքվի, հայտարարություններ կանի, բայց դա բավարար չի լինի էսկալացիան դադարեցնելու համար»,-նշեց նա: Անդրադառնալով Թալիշում ադրբեջանցիների իրականացրած վայրագություններին՝ Իսկանդարյանն ասաց, որ դա ռազմական հանցագործություն է, որը պետք է քննվի. «Արտաքինից դա նման է նրան, ինչ կատարվում է Սիրիայում, նման է նրան, ինչ անում են Իսլամական պետության զինյալները: Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կռվել են Սիրիայում եւ հետ վերադարձել, բայց ես չեմ կարող ասել, թե այս դեպքն ում ձեռքի գործն է՝ ահաբեկիչների, թե բանակի»: «Ա1+»-ի դիտարկմանը, թե սահմանին լարվածության սրումը կարելի՞ էր կանխատեսել՝ հաշվի առնելով ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին բանաձեւի ընդունումը, քաղաքագետը դրական պատասխան տվեց. «Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, կարելի էր կանխատեսել,  միգուցե ոչ այս տեսքով, բայց կարելի էր: Կոպիտ ասած՝ սա ավանդույթ է. ցանկացած միջազգային լուրջ հանդիպումից հետո կամ ընթացքում, որին մասնակցում  է Ալիևը կամ Սարգսյանը, տեղի է ունենում լարվածության բարձրացում: Բացի այդ, լարվածությունը տարեցտարի տրամաբանորեն ավելի սրվում է: Սկզբում սահմանին դիպուկահարների առկայությունը, ականանետների կիրառումը, կրակոցները Հայաստանի Հանրապետության հետ սահմանին, հետո դիվերսիոն խմբերի հարձակումները, այս ամենը տրամաբանորեն հանգեցրել են սրան, ուստի կապել այս էսկալացիան զուտ Սարսանգի բանաձեւի հետ, ճիշտ չէ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանին սահմանային լարվածությունը սրելուն նաեւ դրդել է երկու գործոն՝ Ադրբեջանի մեկուսացումը եւ նավթի գների անկումը: