Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի քանի օրից կտեսնենք վերջնական տարածքային արդյունքներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
qnnarkum-nkarrrr

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ  շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսած Ադրբեջանը ձախողել է։ «Այս պահին արդեն կարող ենք ասել, որ այդ երկիրը չի հասել իր նպատակին։ Ակնհայտ է, որ նա ոչ թե պատերազմը սկսելու, այլ շփման գիծը փոխելու խնդիր է դրել։ Բայց չի գնում լայնածավալ պատերազմի։ Ադրբեջանը ցույց է տալիս իր բնակչությանը, որ արված ծախսերն ապարդյուն չեն եղել»,-շեշտեց նա։ Այս քայլով Ադրբեջանը փակում է բանակցային ճանապարհով հարցի լուծման հնարավորությունը։ «Նա փորձում է շանտաժի ենթարկել, որ Մինսկի խմբի բոլոր համանախագահները վերցնեն Ղարաբաղն ու տան իրենց։ Բայց այդպես չի լինի։ Նրանք հակառակ էֆեկտը ստացան. իրենց զոհերի քանակը շատ մեծ է և փորձում են դա թաքցնել»։ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ պատահական չի համարում, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո եղավ այս ամենը։ Մի հարցում նա վստահ է. «Ադրբեջանը պիտի պատժվի, միայն նախկին դիրքերին վերադառնալն արդեն հերիք չէ»։ Նա նույնպես այն կարծիքին է, որ սահմանին կատարվողն Ադրբեջանում առկա տնտեսական, էթնիկ ու կրոնական խնդիրները փակելուն ուղղված քայլ է։ «ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի՝ Բաքու այցից, շատ բան կարող է կախված լինել»,-շեշտեց նա։ Տեսակապի միջոցով քննարկմանը միացած ԼՂՀ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը նշեց. «Սա Ադրբեջանի ռազմական դիվանագիտության շարունակությունն է։ Այդ երկիրը  փորձում է միակողմանի զիջումներ ստանալ։ Սակայն մեր զինվորների մարտական ոգին բարձր է»։ Իսկ որոշ դիրքեր հակառակորդին զիջելու առթիվ Վաղարշակ Հարությունյանն ասաց. «Դա մարտավարություն է։ Ադրբեջանը տվել է առավելություն, որը հիմա մեր բանակն օգտագործում է։ Եվ մի քանի օրից կտեսնենք, թե վերջնական տարածքային ինչ արդյունքներ մենք կունենանք»։ Նա կարծում է, որ մարտական գործողությունները մոտ մեկ շաբաթ կձգվեն։ Պարոն Պապյանն էլ շեշտեց, որ քանի որ Ռուսաստանը մեզ դաշնակից երկիր է, չպետք է զենք վաճառի Ադրբեջանին։