Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նատուրալիստական կադրեր խորհուրդ չի տրվում ցուցադրել» (տեսանյութ)

Քաղաքականություն
diana-nkar-hogeban

«Կան բաներ, որոնք ռազմական և պետական գաղտնիքներ են, չպետք է սպասենք, որ նույն վայրկյանին ամեն ինչ մեզ թափանցիկ ձևով ներկայացվելու է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց  հոգեբան Կարինե Նալչաջյանը  խոսելով՝  այս օրերին սահմանին տիրող լարված իրավիճակի և պաշտոնապես հրապարակվող տեղեկատվության  մասին: Անդրադառնալով դեպքերի շուրջ հայկական  ԶԼՄ-ների հրապարակումներին՝ տիկին Նալչաջյանը կարծիք հայտնեց, որ  տեղի ԶԼՄ-ներն աշխատում են հնարավորինս գրագետ և զուսպ: «Մեզ մոտ երևի այդ փորձն արդեն կուտակվել է, մարդիկ ամբողջ պահի լրջությունը հասկանում են և հիմնականում ճիշտ են աշխատում: Իսկ ընդհանուր առմամբ, նման պայմաններում կամ օրինակ տարերային աղետների ժամանակ, լրատվամիջոցներին խորհուրդ է տրվում ցավի, տառապանքի, արյունալի պատկերները մոտիկից չցուցադրել: Դրանք շատ ինտիմ բաներ են: Այդ կերպ դու, փաստորեն, մերկացնում ես մարդուն, եթե այդքան մոտիկից, խոշոր պլանով  ցույց ես տալիս նրա ցավն ու տառապանքը կամ օրինակ ինչպես է նա լացում: Այլ խնդիր է, որ հիմա պատերազմական վիճակ է և թշնամու կադրերն է այդպես ցուցադրվում, սակայն կրկին  պետք է  նշեմ, որ այդքան նատուրալիստական կադրեր խորհուրդ չի տրվում  ցույց տալ»,-նկատեց հոգեբանը: Վերջինս խոսելով նաև ադրբեջանցիների հոգեբանության մասին՝  նշեց, որ  ադրբեջանական գյուղերում ապրող մարդիկ ևս պատերազմի ծարավ չունեն: «Ես կադրեր տեսա, որտեղ ադրբեջանցի զինվորականները ծեծում էին գյուղի բնակիչներին, ովքեր ուզում էին թողնել  ու գնալ այդ լարված իրավիճակից: Քանի որ Ադրբեջանը կայսրություն է,  տարբեր էթնիկական միավորումների ամբողջություն է, այնտեղ մարդկային կյանքը չունի այնպիսի արժեք, ինչպիսին մեզ համար: Առաջին գիծ ադրբեջանցիներն ուղարկում են առաջին հերթին ազգային փոքրամասնություններին, այսինքն` նրանց, ում կյանքը նրանց համար  շատ ավելի թեթև արժեք ունի, քան եթե ուղարկեն այդ թուրքական հատվածին»,-ասաց նա: Այդուհանդերձ, Կարինե Նալչաջյանի խոսքերով՝ Ադրբեջանում ևս կան գաղափարի նվիրյալներ, որոնց մեջ տարիներ շարունակ սերմանվել է հայը որպես ոխերիմ թշնամի հասկացությունը: «Այստեղ Ալիևը թերևս ուզեց իր դեմքը պահպանել՝ գնալով կոնկրետ, մեծամասշտաբ քայլերի, քանզի անընդհատ միայն սպառնալով ու ոչ մի քայլ չձեռնարկելով՝ Ալիևը սկսում էր իր  երկրի ներսում վարկաբեկվել»: