«Ադրբեջանը հոգեվարքի մեջ է»
«Ադրբեջանցիները ուզում են վերականգնել իրենց իշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա: Պարզ է, որ չի հաջողվի: Զարգացումները ինչ- որ պահի կարող են վերահսկողությունից դուրս գալ: Վերջին երեք տարում մենք տեսել ենք մի քանի անգամ լարվածության շատ բարձր աստիճան: Պատերազմի մասին էինք խոսում եւ այլն եւ այլն, լարված իրավիճակներ: Բայց ակնհայտ երեւում էր, որ կարմիր գիծը նույնիսկ Ադրբեջանը չի անցնում: Այս անգամ ես տեսնում եմ, որ հնարավորությունը այդ կարմիր գիծը անցնելու ավելի բարձր է, քան նախկինում է եղել»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ նշեց քաղաքագետ, «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով՝վերջին միջադեպերով Ադրբեջանն ուզում է աշխարհին ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Հիմա դրան գումարվեցին մի շարք խնդիրներ: Վաշինգթոնի գագաթաժողովում ադրբեջանցիները հասկացան, որ իրենց նախագահի ելույթը ոչ մի ազդեցություն չունեցավ: Ըստ քաղաքագետի՝ նաեւ հասկացան, որ իրենց վարկանիշը այսօր շատ ցածր է, քանի որ Մարդու իրավունքների ոլորտում կտրուկ անկում է, մեծ թվով ձերբակալված անձինք կան՝ չնայած մի մասին բաց են թողել: «Հոգեվարքի մեջ են, չգիտեն ինչ անել: Հասկանում են, որ կորցնում են Ղարաբաղը: Նույնիսկ ԱՄՆ-ի, Ավստրալիայի նահանգները ճանաչեցին ԼՂՀ անկախությունը: Բարձր կարգի պատվիրակություններ են մտնում Ղարաբաղ, եթե այս ամենը գումարում ենք շատ հասկանալի է, որ նյարդացած է Ադրբեջանի ղեկավարությունը կարող է ոչ նորմալ քայլեր անել, ինչի ականատեսն ենք մենք հիմա»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը: